Պենտագոնը վերահսկելու է ամերիկյան լրատվադաշտը

Հուլիսի 19-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին հրամայել է վերահսկողություն հաստատել ամերիկյան լրատվական դաշտում՝ պետական գաղտնիքների արտահոսքը դադարեցնելու նպատակով։

Հայտարարությունն արվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ԶՈւ հարցերով հանձնաժողովի հետ դռնփակ հանդիպումից մի քանի ժամ հետո: Հանդիպման ժամանակ քննարկվել է վերջերս գաղտնի տեղեկություների արտահոսքը:

ԱՄՆ օրենսդիրները դժգոհել են, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել Իրանի դեմ վարվող կիբեր պատերազմի, զինյալների դեմ գործողություններում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման և Յեմենում զինյալ խմբերից մեկում ներդրած կրկնակի գործակալի մասին:

ԶՈՒ հարցերով հանձնաժողովի նախագահ՝ հանրապետական կոնգրեսմեն Բակ Մքքեոնը հայտնել է լրագրողներին, որ Պենտագոնին մեղավոր չի համարում այդ արտահոսքերի համար, սակայն նա մտահոգված է վերջին տարիների արտահոսքներից, որոնք վերջին ամիսներին կարծես թե էլ ավելի հաճախակի են դարձել: Նա նաև նշել է, որ ԱՄՆ կառավարությունը «իրականում բավականին լավ է աշխատում»՝ հաշվի առնելով, որ երկրում մոտ 4 մլն մարդ ինչ-ինչ գաղտնի տեղեկություների հետ շփում ունեն:

Հանձնաժողովում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Ադամ Սմիթը հայտարարել է. «Հանձնաժողովի նախագահն ու ես համոզված ենք, որ նախարար Պանետան ու Պենտագոնի ամբողջ աշխատակազմը հարցին լուրջ են վերաբերվում, փորձում են վնասների հետևանքները մեղմացնել եւ ապագայում կանխել նման դեպքերը»:

Պենտագոնը հայտարարել է, որ լրատվադաշտի վերահսկողությունից բացի այլ քայլեր է ձեռնակել տեղեկատվական անվտանգությունը լավացնելու համար: Անձնակազմը լրացուցիչ վերապատրաստություն է անցել գաղտնի տեղեկություների հետ աշխատելու համար: Նաև հրատարակվել է ձեռնարկ, ուր սահմանվում է, թե ինչն է թույլատրելի հրապարակել, իսկ ինչը՝ ոչ։ Բացի այդ ստեղծվել է համացանցային անվտանգության ոլորտի միջադեպերը զեկուցելու առցանց համակարգ։

Նախագահ Բարաք Օբամայի 2008 թ. նախագահական ընտրություների հակառակորդ Ջոն Մքքեյնը ենթադրություն է արել, որ արտահոսքի համար մեղավոր է Օբամայի թիմը, քանզի լուրերը հաշվարկված են նրա վերընտրման շանսերը բարձրացնելու համար: Սպիտակ Տունը կատեգորիկ կերպով ժխտել է այդ մեղադրանքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *