Ադրբեջանում ամփոփում են լայնամասշտաբ զորավարժության արդյունքները

Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ամփոփել է Ադրբեջանի ԶՈւ՝ սեպտեմբերի 6-ին մեկնարկած օպերատիվ-մարտավարական զորավարժության արդյունքները: Ամփոփիչ նիստին մասնակցել են երկրի ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը, ստորաբաժանումների և շտաբների ղեկավարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը զորավարժության ժամանակ

Ադրբեջանի ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը զորավարժության ժամանակ

Հասանովը նշել է, որ ԶՈւ ստորաբաժանումները կատարել են իրենց առջև դրված առաջադրանքները, սակայն հետագայում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ներդաշնակ գործողությունների կազմակերպման ուղղությամբ՝ ռադիոէլեկտրոնային հակազդման պայմաններում։

Միևնույն ժամանակ Հասանովը նշել է, որ պետք է ուժեղացնել տեղական կառավարման մարմինների հետ կապերը՝ քաղաքացիների, քաղաքացիական և ռազմական օբյեկտների ու հաղորդակցական կապերի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև ժամանակին համապատասխան ռեսուրսները հավաքագրելու ու մոբիլիզացիան լավ կազմակեպելու համար։

Հիշեցնենք, որ այս զորավարժությանը մասնակցել է 65 հազար զինծառայող, ավելի քան 700 միավոր զրահատեխնիկա, 500-ից ավելի հրթիռային և հրետանային կայաններ, ՌՕՈւ մոտ 40 ռազմական ինքնաթիռ ու 50 ուղղաթիռ, ինչպես նաև ՌԾՈւ 20 նավ ու կատեր և ՀՕՊ ու ԱԹՍ ստորաբաժանումներ։

Հավելենք, որ ադրբեջանական լրատվակայքներն ու ՊՆ մամուլի ծառայությունը նշում են, որ այս զորավարժությունը հրամանատարաշտաբային էր, սակայն ներառված ստորաբաժանումներից ու զինտեխնիկայից կարելի է դատել, որ խոսքը օպերատիվ-մարտավարական զորավարժության մասին էր:

Ավելացնենք, որ Ադրբեջանն այս զորավարժությունը ևս կազմակերպել է միջազգային նորմերի խախտումներով։ Մասնավորապես անտեսվել է Վիեննայի 2011-ի փաստաթուղթը, որով սահմանվում է՝ մասնակից պետությունները (այդ թվում նաև Հայաստանն ու Ադրբեջանը) պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչև 9000 մարդ` ներառյալ ապահովման ուժերը, կամ մինչև 250 մարտական տանկեր կամ մինչև 500 մարտական զրահապատ մեքենաներ (ՄԶՄ) կամ մինչև 250 ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (100 մմ և ավելի տրամաչափի) ներառող բոլոր զորավարժությունների մասին: Ընդ որում, եթե տվյալ մասշտաբի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, ապա դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ:

One response to “Ադրբեջանում ամփոփում են լայնամասշտաբ զորավարժության արդյունքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *