Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 6-12 սեպտեմբերի, 2015

Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին • «Շանթ-2015» զորավարժության կրակային փուլը • ՊԲ-ն հերքել է ադրբեջանի ապատեղեկատվություն հայկական կողմի կորուստների մասին • ԱՊՀ ՀՕՊ զորավարժության ակտիվ փուլը • Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծում են տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգ • ՀԱՊԿ քննարկում մասնակից երկրների ռազմական արտադրանքի մատակարարումների մասին

ՀՀ ԶՈւ Մի-24 ուղղաթիռները «Շանթ-2015» զորավարժության ժամանակ

ՀՀ ԶՈւ Մի-24 ուղղաթիռները «Շանթ-2015» զորավարժության ժամանակ

2015-ի օգոստոսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 և վիրավորման 3 դեպքի մասին։

Սեպտեմբերի 11-ին անցկացվել է «Շանթ-2015» զորավարժությունների կրակային փուլը, որին ներգրավված են եղել մի քանի զորամասեր՝ զրահատանկային, մոտոհրաձգային, հրետանային ու ՀՕՊ ստորաբաժանումներով։ Զորավարժությանը ներգրավվել է նաև ՀՀ ԶՈւ ավիացիան։

Զորավարժության կրակային փուլի ղեկավար, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշել է, որ զորավարժության մտահղացման համաձայն՝ մասնակից գունդը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի, խաղարկվել են գնդի գործողությունները հարձակման ժամանակ։ Գեներալ-մայոր Գասպարյանի հավաստմամբ՝ արդյունքները գոհացուցիչ են, զորամասերը հասել են իրենց նպատակին։

ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, թե սեպտեմբերի 9-ին և 10-ին հայկական կողմն ընդհանուր առմամբ 7, իսկ մի շարք այլ լրատվամիջոցների պնդմամբ 8 կորուստ է ունեցել։

Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծում են տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգ: Կովկասյան տարածաշրջանը ծածկող ՀՕՊ համակարգի ստեղծման համար երկու երկրներն արդեն համաձայնեցրել են համապատասխան պայմանագիրը, որի ստորագրումը նախատեսվում է այս տարի։

Զորավարժությանը մասնակցող հայաստանյան զորախումբը

ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի զորավարժությանը մասնակցող հայաստանյան զորախումբը


Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանում մեկնարկել է ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի «Մարտական ընկերակցություն 2015» զորավարժության կրակային փուլը, որին մասնակցում է նաև Հայաստանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումը: Զորավարժությանը մասնակցող ՀՕՊ ստորաբաժանումներն անցել են պահպանվող տարածքի հակաօդային պաշտպանության ապահովման մարտական հերթապահության:Սեպտեմբերի 10-ին զորավարժության ընթացքին հետևել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։

Սեպտեմբերի 10-ին ՀԱՊԿ ռազմատնտեսական հարցերով միջպետական հանձնաժողովը քննարկել է սպառազինությունների նորոգման և տեխսպասարկման համատեղ կենտրոններ հիմնելու ծրագրեր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական արտադրանքների ստանդարտիզացիայի և մատակարարման մեխանիզմների կատարելագործման հարցեր:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 6-12 սեպտեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *