Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Վրաստանի Վազիանի զորավարժարանում անցկացվել է մարտավարական դաշտային «Վազիանի-2015» զորավարժությունը, որին մասնակցել են Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման 5-րդ հետևակային բրիգադի 51-րդ գումարտակի, ինչպես նաև հատուկ գործողությունների ուժերի ապահովման գումարտակի և Մառնեուլիի ավիացիոն բրիգադի ավելի քան 600 զինծառայող։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժության հրամանատար, գնդապետ Գրիգոլ Չալիձեն նախ՝ ներկաներին ներկայացրել է զորավարժության սցենարը, որից հետո սկսվել են ակտիվ գործողությունները։ Սցենարի համաձայն՝ վրաստանցի զինծառայողները չպիտի թողնեին հակառակորդի հիմնական ուժերին ստեղծել պլացդարմ՝ հարձակման հետագա զարգացումով։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքների ժամանակ կիրառվել են Տ-72 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, թուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենաներ, ամերիկյան բազմանպատակային «Իրոկեզ UH1» ուղղաթիռ, Սու-25 գրոհիչներ և այլ զինտեխնիկա։
Զորավարժության հայտարարված նպատակն է եղել զարգացնել բոլոր տեսակի ստորաբաժանումների փոխգործակցությունը, ինչպես նաև զարգացնել «հրամայական-վերահսկողական»( Command and Control) ունակությունները։
Զորավարժության ավարտին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն գոհ է մնացել ընթացքից, նշելով, որ ստորաբաժանումներն իրենց առջև դրված խնդիրը կատարել են։ Արդյունքերի մասին կհայտարարեն արդեն զորավարժությանը հետևած դիտորդները։
Հավելենք, որ վարժանքներին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Էմբրալիձեն, մի շարք բարձրաստիճան զինվորականներ և հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info