Ի՞նչ են խոսում ադրբեջանական զինվորականները․ մի գաղտնալսման հետքերով

Մի քանի օր է սոցիալական ցանցերի հայ օգտատերերը քննարկում են, ենթադրաբար, ադրբեջանական զինվորականների հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք սեպտեմբերի 6-ին հրապարակել է YouTube-ում «Maga Smith» կեղծանունով ոմն մեկը։

Դատելով զրույցների բովանդակությունից՝ խոսքը ադրբեջանական դիրքերին հայկական զինուժի հասցրած հարվածների հետևանքների մասին է։ Խոսակցություններին առանձին «կծվություն» է տալիս այն, որ տուժածները նշվում են «ոչխար» (ադրբ.՝ qoyun) ծածկագրային բառով։

Ավելի ուշ՝ սեպտեմբերի 8-ին, ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակեց այդ ձայնագրությունների հիման վրա ստեղծած քարոզչական հոլովակ, որն ավելի խթանեց քննարկումները։

Սակայն սոցցանցերի ադրբեջանական օգտատերերը բավականին զուսպ արձագանքեցին ձայնագրությունների հրապարակմանը՝ առաջ քաշելով երեք թեզ.

  • ձայնագրություններում չոբանների խոսակցություն է, որոնց ոչխարներին հայերը խփել են,
  • խոսակցություններն «անհայտ բարբառով» են (ըստ այդմ ակնարկելով, որ խոսողներն ադրբեջանցի չեն),
  • եթե ադրբեջանցիները նկատի ունենային իրենց կորուստներն, ապա չէին օգտագործի «ոչխար» բառը, ըստ այդմ եթե խոսողներն ադրբեջանցի են, ապա խոսքը հայկական կորուստների մասին է։

Ֆեյսբուքում ադրբեջանական ռազմահայրենասիրական էջերից մեկի կառավարիչն էլ իր երկրի պատկան մարմիններին կոչ արեց պարզելու, թե ով է տեղադրել ձայնագրությունները և, եթե ադրբեջանցի է, պատժել նրան, քանի որ իրենց կարծիքով հրապարակման նպատակը խուճապ առաջացնելն է։

Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն և լրատվամիջոցներն ընդհանրապես չեն մեկնաբանել ձայնագրությունները։

Հեռախոսազրույցների բովանդակությունը

Մինչ փորձենք հասկանալ, թե ինչ ձայնագրություններ են սրանք, ու թե ով և ինչ նպատակով կարող էր դրանք հրապարակել, ներկայացնենք դրանց բովանդակությունը (ինչքանով որ հաջողվել է այն թարգմանել Razm.info-ի ադրբեջանագետներին)։ Նշենք նաև, որ ձայնագրություններում ներկայացվում է հեռախոսազրույցների միայն մեկ կողմը, ինչն ունի իր բացատրությունը, որին նույնպես կանդրադառնանք ստորև։ Ըստ այդմ չլսվող կողմի պատասխանները նշել ենք բազմակետով։

1. Աղջաբեդի, օգոստոս 2015. «Աստված իմ, էս ինչքա՞ն վիրավոր կա»

— Հրամանատար, ստեղարենք «ցխել» են։
— …
— Ստեղ։
— …
— [մեկը մի ձեռից վիրավոր ա]*։
— Ուղիղ ճաշարանին-բան, շտաբը, ճաշարանը, ամեն ինչը։
— …
— Իմ ժամը պրծավ, էտ ընկավ։**
— …
— Աստված իմ, էս ինչքա՜ն են վիրավորները։
— …
— Էն վերակարգերից էլ կան, ամենայն հավանականությամբ կան։

* — հավանաբար սա հեռախոսով խոսողի կողքից մեկ այլ մարդու ռեպլիկ է;
** — ենթադրում ենք, որ խոսակցությունը վերակարգը («նարյադը») ավարտելու մասին է, այսինքն զեկուցողի հերթապահության ժամը վերջացել է, և դրանից հետո սկսվել է հարձակումը։

2. Աղջաբեդի, օգոստոս 2015. «Մերոնքական չորս ոչխար վիրավոր է»

— Զանգիր ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ասա, որ չորս հոգի, չորս հատ ոչխար է վիրավոր մեր մոտ:
— …
— Գարըշգա, Գարըշգա (հավանաբար ինչ-որ ծածկագրված տեղանուն է — Razm.info). այնտեղ, որտեղ ՀԱՃԱԽՈՐԴՆ Է:
— …
— Մեր, մեզնից, մերոնցից, մերոնցից չորս հատ ոչխար վիրավոր է:
— …
— Դու զանգիր ՀԱՃԱԽՈՐԴԻՆ։

3. Աղջաբեդի, օգոստոս 2015. «Տասը հատ ոչխար է խփվել»

— Ալո։
— …
— Բարև, բարև։
— …
— Ապրե´ս, ապրե´ս (շնորհակալության իմաստով — Razm.info
— …
— Ըըը, դրությունը վատ է։
— …
— Հը՞։
— …
— Տասը հատ ոչխար է խփվել։
— …
— Վիրավորներ չկան։

4. Աղջաբեդի, օգոստոս 2015. «Հինգ հոգի սպանված է, 16-ը՝ վիրավորված»
Այս մի ձայնագրությունը նախորդ երեքից մեկ օր ավելի ուշ է հրապարակվել և, ի տարբերություն նախորդների, առանց սղագրության։ Խոսողը ադրբեջաներենի ինչ-որ բարբառով է խոսում և հավանաբար խոսքի ինչ-որ դեֆեկտ ունի, քանի որ բառերը լավ չեն արտասանվում։ Ասածի հիմնական իմաստը 5 հոգու (nəfər) սպանվելու և ևս 16-ի վիրավոր լինելու մասին է։

— Բարև։
— …
— Որտե՞ղ ես։
— …
— Տե՛ս, մեկը ձեռքից է վիրավոր կամ ինչ-որ ուրիշ տեղից, վիրավորներից մեկը զոհվել է։
— …
— Քանի՞ վիրավոր է ձեր մոտ։
— …
— Սպանվա՞ծ թե վիրավոր։
— …
— Հա, հա, երկրորդ, երկրորդ գումարտակին։
— …
— Զոհվե՞լ է։
— …
— Ո՞ր ուղղությամբ։
— …
— Չորսը, հինգը զոհվել են, տասնվեցը վիրավորվե՞լ
— …
— Վախ, բ*զը․․․

Ի՞նչ ձայնագրություններ են սրանք

Razm.info-ն այս հարցով զրուցեց ռադիոհետախուզությունում նախկինում ծառայած անձանց հետ։ Նրանք նշեցին, որ ամենայն հավանականությամբ սա բջջային կապով հեռախոսազանգերի ձայնագրություն է։ Այս վարկածն անուղղակիորեն հաստատվում է նաև զրույցների ոչ ֆորմալ բնույթով («բարև … ինչպես ես … ապրե´ս … հը՞ …»), ինչը բնորոշ չէ ռազմական ռադիոկապով հաղորդակցմանը։

Որտե՞ղ և ե՞րբ են արված

Հրապարակված ձայնագրություններից հնարավոր չէ պարզել, թե երբ և որտեղ են դրանք արվել։ Այդ պատճառով ստիպված ենք որպես հիմք ընդունել «Maga Smith»-ի գրածը. ըստ վերնագրի՝ ձայնագրություններն օգոստոսյան են և արված են շփման գծի՝ Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի հատվածում։

Լրագրող Էմիլ Սանամյանի կարծիքով՝ ձայնագրություններում արտացոլված են իրադարձություններ, որոնց մասին հաղորդել են թե´ հայկական, թե´ ադրբեջանական կողմերը։ Օրինակ՝ ըստ Արցախի Պաշտպանության բանակի օգոստոսի 24-ին ժ. 10:20 հրապարակած հաղորդագրության՝ «հանգստյան օրերին» (այսինքն՝ օգոստոսի 22 և 23-ին) հակառակորդը 60–120 մմ տրամաչափի ականանետեր է կիրառել, ինչին հետևած ՊԲ պատասխան գործողությունների հետևանքով «հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավոր»։

Որոշ ժամանակ անց ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են երկրի ՊՆ-ի հաղորդագրությունը, որում նախ՝ հերքվում էր ադրբեջանական կողմից սպանվածներ լինելու փաստը։ Փոխարենն հայտարարում էր, որ օգոստոսի 22-ին Աղդամի և Խոջավենդի (այսինքն՝ Մարտունու) հատվածներում հայկական զինուժը ականանետերով հարվածել է ադրբեջանական դիրքերին, բայց ադրբեջանցիներն ընդամենը 3 թեթև վիրավոր ունեն, իսկ այ հայկական կողմից «5 սպանված և 8 վիրավոր կա»։ Ընդ որում ընդամենը 3 ժամ անց գրեթե նույն այս տեքստը՝ լրացված հայերի հասցեին Ադրբեջանի ՊՆ սպառնալիքներով, ևս մեկ անգամ հրապարակվել է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության կայքում։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 25-ին ՊԲ-ն հաղորդել է, որ ադրբեջանական կողմը թուրքական արտադրության 107 մմ ՀԿՌԿ-ից հրթիռակոծել է հայկական դիրքերը, ինչը կարող էր նախորդ օրերի հայկական կողմի լայնամասշտաբ ու հաջողված գործողության պատասխանի փորձ լինել։

Նշենք նաև, որ այդ օրերին հայկական զինուժի կորուստների մասին ադրբեջանական հայտարարությունները չեն հաստատվել։

Այդ օրերին տվյալ հատվածում լուրջ իրադարձություններ լինելու ենթադրության օգտին է նաև այն փաստը, որ սեպտեմբերի 4-ին ԵԱՀԿ դիտորդների պլանային դիտարկումն անցկացվել է Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինո (Կաքավաձոր) գյուղի հատվածում, որը սահմանակից է Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանին։

Եւս մեկ ուշագրավ մանրամասն. հաշվի առնելով, որ ձայնագրություններում խոսվում է ճաշարանին ու շտաբին հարվածելու, ինչպես նաև միանգամից մեծ քանակությամբ սպանված-վիրավորների մասին, ապա դժվար թե խոսքը առաջնագծի դիրքերին հարվածելու մասին է, որովհետև դրանցում առանձին ճաշարան ու շտաբ չեն լինում, ինչպես նաև չեն լինում մեծաթիվ անձնակազմի կուտակումներ մեկ տեղում։ Կարելի է ենթադրել, որ խոսքը առաջնագծի դիրքերից հետ ընկած հենակետերի մասին է, որտեղ ավելի խոշոր ստորաբաժանումներ են տեղակայվում։

Հասկանալի է նաև, որ բոլոր խոսակցությունները միայն մեկ միջադեպի մասին չեն, քանի որ զգալի կերպով տարբերվում են կորուստների նկարագրությունները։

Կուրոպատկինոյի դիմացի ադրբեջանական թիկունքային հենակետը

Կուրոպատկինոյի դիմացի ադրբեջանական թիկունքային հենակետը

Կուրոպատկինոյից հյուսիս ընկած ադրբեջանական թիկունքային հենակետը

Կուրոպատկինոյից հյուսիս ընկած ադրբեջանական թիկունքային հենակետը

Կուրոպատկինոյից հարավ-արևելք ընկած ադրբեջանական թիկունքային հենակետը

Կուրոպատկինոյից հարավ-արևելք ընկած ադրբեջանական թիկունքային հենակետը

Եթե որպես հիմք ընդունենք, որ հենց այս միջադեպերին են վերաբերում ձայնագրությունները, ապա կարող ենք ենթադրել, որ.

  • Ձայնագրություններում խոսվում է օգոստոսի 22–25 ժամանակահատվածի մասին;
  • Գործողությունները շփման գծի Մարտունի – Ակնա (Աղդամ) հատվածի մի քանի կետերում են (և դրանցից մեկն, ամենայն հավանականությամբ Կուրոպատկինոյի մոտակայքում է)։

Ոչխարներն ու «մուշտարիները»

Դատելով խոսակցություններից՝ «ոչխար» ծածկագրային բառը գործածվում է զինվոր, իսկ «հաճախորդ» (ադրբ.՝ müştəri) բառը՝ հրամանատար իմաստով։

Ադրբեջանական օգտատերերի այն պնդումը, թե խոսքն իսկապես հրետակոծության տակ ընկած հովիվների մասին է, չի դիմանում որևէ քննադատությանը. դժվար է պատկերացնել, օրինակ՝ որ չոբանը վերակարգ կանգնի, որ ոչխարի մասին ասեն «հոգի» (nəfər) կամ «ձեռքից վիրավոր»։

«Անհայտ» բարբառի վարկածն էլ է բավականին խոցելի, քանի որ դժվար հասկանալի առոգանությամբ խոսվում է ձայնագրություններից միայն մեկում, մնացածներում՝ Razm.info-ի մասնագետների կարծիքով, թեկուզ և գավառական առոգանությամբ, բայց սովորական ադրբեջաներեն է։

Ադրբեջանցիների երրորդ փաստարկը, թե խոսքը հայկական կորուստների մասին է, նույնպես անհամոզիչ է, քանի որ ձայնագրություններում մի քանի տեղ շեշտվում է, որ հենց խոսողների կողմից են կորուստները. «ստեղարենք «ցխել են» (այլ ոչ թե «ցխել ենք»), «չորս ոչխար է վիրավոր մեր մոտ», «մերոնցից չորս հատ ոչխար վիրավոր է»։

Ո՞վ է Մագա Սմիթը

Այդ կեղծանունով օգտատիրոջ էջում միայն արդեն հիշատակված 4 հրապարակումներն են։ Իր հեղինակած որևէ այլ հրապարակում, մեկնաբանություն, «լայք» YouTube-ում գտնել մենք չկարողացանք։

Հայտնի է նաև, որ շփման գծի երկայնքով ռադիոեթերի գաղտնալսում իրականացնում են թե´ հայկական, թե´ ադրբեջանական կողմը։

Եթե ձայնագրություններն իսկապես հայկական կողմի հարվածից հետո են արված, ապա տրամաբանական է ենթադրել, որ հենց հայկական կողմի գաղտնալսած խոսակցություններ են, որովհետև ՊԲ ռադիոհետախուզությունը պիտի փորձեր հարվածից անմիջապես հետո գրանցել հակառակորդի արձագանքները՝ հարվածների արդյունավետության մասին տվյալներ ստանալու նպատակով։

Այնուամենայնիվ չի կարելի լիովին բացառել, որ ադրբեջանական կողմը գաղտնալսել է սեփական զինվորականներին։ Դա կարելի է բացատրել, օրինակ՝ կորուստներ կրելուց հետո հավանական արտահոսքերը գրանցելու և հետագայում մեղավորներին պատժելու ցանկությամբ։ Սակայն ավելի տրամաբանական է ենթադրել, որ այդ լարված պահին ադրբեջանական ռադիոհետախուզությունը զբաղված կլիներ հայկական կողմի ռադիոկապը «որսալ» փորձելով։ Բացի այդ դժվար է հասկանալ ենթադրյալ «ադրբեջանական Սնոուդենի»՝ իր բանակի համար ծայրահեղ տհաճ, բարոյալքող այս նյութերը հրապարակելու նպատակը։

Անկախ այն բանից, թե ով է հրապարակել այս ձայնագրությունները, եթե «Maga Smith»-ի հրապարակած ֆայլերն իրական են, ապա կարելի է ակնկալել ոչ շատ հեռու ապագայում այս գործողություններում զոհվածների ու վիրավորների մասին որոշ տեղեկությունների հայտնվելը գոնե սոցիալական ցանցերում։ Որովհետև՝ նույնիսկ հաշվի առնելով Ադրբեջանում խստագույն գրաքննությունը, դժվար է այս թվով կորուստներ թաքցնել։

3 responses to “Ի՞նչ են խոսում ադրբեջանական զինվորականները․ մի գաղտնալսման հետքերով

  1. Pingback: Պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի ՊՆ պետական գաղտնիքի պահպանման ծառայության պետը | Ռազմ.info

Մեկնաբանել Կարեն ՎրթանեսյանՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *