Իրադրությունը Սիրիայում, 25 հուլիսի. թարմացվող լրահոս

Հալեպի որոշ թաղամասերում շարունակվում են մարտերը կառավարական զորքերի եւ ապստամբների միջև: Սիրիայի պետական ՍԱՆԱ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ «տասնյակ ապստամբներ, որոնք ահաբեկում էին տեղի բնակչությանը եւ քանդում մասնավոր ու պետական օբյեկտներ, ոչնչացվել են»: Նաև ասվում է, որ ապստամբների մի մասը հանձնվել է:

Ռազմինֆոյի աղբյուրները Հալեպից հաստատում են, որ մարտերն այսօր շարունակվել են: Կառավարական ուժերը օգտագործում են ուղղաթիռներ ու հրետանի: Հալեպահայերի խոսքերով. «պատերազմ կապրենք»։

***

«Հյուրիեթ» թերթի հաղորդմամբ՝ երկրի մաքսային ծառայության և առևտրի նախարար Հայաթի Յազըջըի հրահանգով՝ այսօր առավոտյան փակվել են թուրք-սիրիական սահմանի Ջիլվեգյոզու, Օնջյուփընար և Քարքամըշ անցակետերը: Նշված անցակետերը բաց էին միայն 3-րդ պետություն անցնողների համար, որը նույնպես կարգելվի: Օրվա ընթացքում կփակվեն նաև Աքչաքալե և Յայլադաղ անցակետերը:

***

LA Times ամերիկյան թերթը հայտնում է՝ հղում անելով ԱՄՆ ներկա եւ նախկին անանուն պաշտոնյաների, որ ամերիկացիներն այդքան էլ լավ չեն ճանաչում Սիրիայի ապստամբներին: Ըստ իրենց՝ պատճառը փետրվարին Սիրիայում ԱՄՆ դեսպանատունը փակելն էր, քանի որ այժմ ԱՄՆ հետախույզներն էլ ապահով հենակետ չունեն, որտեղից կկարողանային աշխատել եւ կապեր հաստատել ապստամբների հետ: Ըստ կոնգրեսմեն Մայք Ռոջերսի, որը գլխավորում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեն, որոշ տվյալներով Սիրիայում գործող 300 ապստամբ խմբերի մեկ քառորդը ոգեշնչվում է Ալ Քայիդայի կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *