Ադրբեջանի Լենքորան քաղաքում սեպտեմբերի լույս 10-ի գիշերը գրանցվել է ավտովթար, ինչի հետևանքով զոհվել է զինված ուժերի մեկ զինծառայող, ևս մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը։
Աղբյուրը նշում է, որ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել Մամեդլի Ռամին Գիյամեդդին օղլուի (Məmmədli Ramin Qiyaməddin oğlu) վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան և բախվել ճանապարհամերձ ծառին։
Մեքենայի վարորդ՝ 1981 թվականին ծնված Մամեդլին, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Վթարի հետևանքով տուժել է նաև մեքենայի ուղևոր 1990-ին ծնված Ումիդով Ռասիմ Նովրուզ օղլուն ( Ümidov Rasim Novruz oğlu)։ Գործակալությունը նշում է նաև, որ մահացածը ծառայում էր զինված ուժերի զորամասերից մեկում և ուներ ենթասպայի կոչում։ Իսկ վիրավորը եղել է նրա ծառայակիցը։
Դեպքի առթիվ Ադրբեջանի զինդատախազությունն անցկացնում է հետաքննություն։
Հավելենք, որ 2015 թվականի սեպտեմբերին սա ադրբեջանական բանակում գրանցված և հայտնի դարձած 5-րդ մահվան դեպքն է։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info