ՌԴ զինծառայողները վերապատրաստում են սիրիացիներին՝ տրամադրվող զինտեխնիկայի համար

Արդեն մի քանի օր է՝ միջազգային լրատվամիջոցները, հղում անելով «անանուն պաշտոնյաների» գրում էին, որ Ռուսաստանը պատրաստվում է մեծացնել իր ներկայությունը Սիրիայում՝ հիմնելով նաև իր ռազմաբազան։ Այս տեղեկություններն առաջինը հերքեցին Սիրիայի կառավարությունից։Տեղեկատվության նախարար Օմրան ալ Զոուբին, Ռոյթերս գործակալության փոխանցմամբ, հայտարարել է, որ ռուսաստանցի զինծառայողները չեն մասնակցում իսլամիստների դեմ կռիվներին, ինչպես որ ներկայացնում են միջազգային լրատվամիջոցները։

ՌԴ ԶՈւ զինծառայողը Դամասկոսի օդանավակայանում

ՌԴ ԶՈւ զինծառայողը Դամասկոսի օդանավակայանում

Ըստ Ռոյթերսի՝ Զոուբին նշել է, որ Ռուսաստանն արդեն երկար ժամանակ Սիրիային սպառազինություն է տրամադրում և աջակցում նախագահ Բաշար Ասադին։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 7-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մատնանշել էր, որ Մոսկվան Դամասկոսին ռազմական տեխնիկա է տրամադրում ահաբեկչության դեմ պայքարի համար և երբեք դա գաղտնի չի պահել։

Արդեն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիային սպառազինություն է տրամադրում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։

Զախարովան անդրադարձել է նաև Սիրիայում ռուսաստանցի զինծառայողների թեմային, նշելով, որ այդ երկրում են ռազմական այն մասնագետները, ովքեր սիրիացիներին օգնում են վերապատրաստվել տրամադրվող զինտեխնիկայի համար։

Նշենք, որ շրջանառվող թեմայի վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Վերջինս հայտարարել էր, որ եթե շրջանառվող լուրերը ճիշտ են, ապա այն կարող է հանգեցնել հակամարտության հետագա էսկալացիայի, անմեղ զոհերի, ինչպես նաև ԻՊ-ի դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի դեմ ընդդիմանալու ռիսկի։

Հիշեցնենք, որ 2011-ի գարնանից Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում, որին զուգընթաց լուրջ խնդիր է դարձել նաև ահաբեկչությունն ու հակաահաբեկչական պայքարի կազմակերպումը, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմն առնելը: Ներկայում Սիրիայի տարածքի հսկայական հատվածը «Իսլամական պետության» և այլ զինված խմբավորումների վերահսկողության տակ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *