Սեպտեմբերի 7-ին Վրաստանի պաշտպանության նախարարության կիբերանվտանգության բյուրոյի ղեկավար Անդրիա Գոցերիձեն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Դավիդ Կադներին և Չեխիայի պաշտպանության փոխնախարար Թոմաշ Կուչտային։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանում Չեխիայի դեսպանն ու ռազմական կցորդը։ Կողմերը քննարկել են կիբերանվտանգության ոլորտում համագործակցության հարցեր։ Նույն օրը չեխական պատվիրակությանն ընդունել է նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բեսիկ Լոլաձեն։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակին վերաբերող հարցեր։
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, չեխական պատվիրակությունն այցելել է նաև Վազիանիում տեղակայված 4-րդ մեխանիզացված բրիգադ։ Վերջիններիս ընդունել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն։ Հյուրերին ցուցադրվել են վարժասարքերով հագեցած ուսումնական կենտրոնը և սպառազինության որոշ նմուշներ։ Պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ԶՈւ ավիաբազաներից մեկը(Ալեքսեևկա):
Տեղեկացնենք, որ հուլիսի 22-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այցելել էր Չեխիա, որտեղ այդ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարի և այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել էր «LOM PRAHA», «VR GROUP» և «ERA» ընկերություններ։
Հանդիպումից հետո Խիդաշելին հայտնել էր, որ իրենք ծանոթացել են չեխական ռազմական արտադրությանն ու քննարկել հստակ միջոցառումներ։
«Չեխական կողմը մեզ խոստացել է վրաստանցի օդաչուներին անվճար վերապատրաստել իրենց վարժասարքերով մասնագիտացած կենտրոնում։ Մենք խոսել ենք նաև բանակի կարիքների մասին և հիմա սպասում ենք հստակ առաջարկների»,— հայտնել էր Խիդաշելին։
Ավելի վաղ էլ՝ մարտի 24-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում մասնակցել էր զենք արտադրող չեխական «Česká zbrojovka a.s.» (CZ) ընկերության և վրաստանյան «Դելտա» կենտրոնի համատեղ ցուցադրությանը։ Վարչապետին ցուցադրվել էին հրաձգային զենքերը, ինչպես նաև ներկայացվել էր չեխական «Omnipol» ընկերությունը, որը զբաղվում է ռազմական ավիացիոն համակարգերի և սարքավորումների ներմուծմամբ և արտահանմամբ։