«Շանթ-2015». պայմանական հակառակորդի հետ սահմանում ռազմական ավան է բացվել

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին ավարտվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ռազմաքաղաքական փուլը, քաղաքական գերատեսչություններն ավարտել են իրենց ներմուծականների կատարումը, ինչից հետո մեկնարկելու է զորավարժության բուն ռազմական փուլը:

«Շանթ-2015» զորավարժության շրջանակներում բացված ռազմական վրանային ավանը, որում կենտրոնացված են տանկային, մոտոհրաձգային, հրետանային և այլ ստորաբաժանումներ

«Շանթ-2015» զորավարժության շրջանակներում բացված ռազմական վրանային ավանը, որում կենտրոնացված են տանկային, մոտոհրաձգային, հրետանային և այլ ստորաբաժանումներ

Զորավարժության ռազմաքաղաքական փուլի ընթացքում, սցենարի համաձայն, պայմանական թշնամու հետ հարաբերությունները լարված են, թշնամին նախապատրաստվում է հարձակման:

Հայկական կողմը դրան ի պատասխան ռազմաքաղաքական պատրաստություն է տեսնում, զուգահեռ անցկացվում է նաև զորահավաք: Թշնամու հարձակմանը դիմագրավելու համար ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում կազմավորվել է ռազմական վրանային ավան, որտեղ կենտրոնացվել են զորավարժության մասնակից ՀՀ ՊՆ բանակային կորպուսի մի քանի զորամասեր:

Զորավարժության սցենարի համաձայն՝ այնուհետ թշնամին անցնելու է հարձակման և մի քանի օր շարունակ հարվածներ է հասցնելու հայկական կողմին, ինչին դիմագրավելու գործողությանը մասնակցում է նաև ավանում կենտրոնացված միավորումը, որի կազմում կան տանկային, մոտոհրաձգային, հրետանային և այլ ստորաբաժանումներ:
Ավանում կենտրոնացված զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Խաչիկ Կլեկչյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողներին ներկայացրեց ավանի առօրյան և նշեց, որ զինծառայողները զորավարժության ներկա փուլում հիմնականում զբաղված են դաշտային, մարտավարական պատրաստության պարապմունքներով: Զինծառայողների սնունդն ապահովվում է դաշտային ճաշարաններում, իսկ երեկոյան զինծառայողներին տրվում է հանգիստ, որի կազմակերպման համար ավանում գործում է նաև դաշտային ակումբ՝ հեռուստացույցով և թարմացվող մամուլով:

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավանում զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու համար, զորավարժության սցենարի համաձայն, ՀՀ մշակույթի նախարարությունը համերգ է կազմակերպել, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության միջնորդությամբ զինծառայողներին ողջունելու են եկել հայաստանցի մի քանի մարզիկներ:

One response to “«Շանթ-2015». պայմանական հակառակորդի հետ սահմանում ռազմական ավան է բացվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *