Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը • Սահմանային լարվածություն Տավուշում և Արցախում • Նշանակվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նոր պետ • Պաշտպանության նախարարն ընդունել է Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպաններին • Մահացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը

«Շանթ-2015» զորավարժության տարբերանշանը

«Շանթ-2015» զորավարժության տարբերանշանը

Սեպտեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը պլանային բնույթի է: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին: Սեպտեմբերի 3-ին զորավարժության շրջանակներում ՀՀ նախագահը հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել են պետության գործողությունները ագրեսիային դիմակայելու ընթացքում: Սեպտեմբերի 4-ին էլ նախագահի ղեկավարությամբ անցկացվել է կառավարության նիստ:

«[Զորավարժության] Վերջնական նպատակն է՝ պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն՝ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար»,— շեշտել է Սերժ Սարգսյանը։

Սեպտեմբերի 4-6-ը զորավարության սցենարով իրականացվել են տարհանման, պարետային ժամի հայտարարման, փախստականների ընդունման և այլ գործողություններ: Ընդհանուր առմամբ՝ զորավարժության ընթացքում անցկացվել են և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական, և հակահարձակողական գործողություններ: Խաղարկվել է նաև այն դեպքը, երբ ՀԱՊԿ գործընկեր պետությունը (ոչ Ռուսաստանը) չկատարի իր պարտավորությունները և օգնության չհասնի Հայաստանին:

«Շանթ-2015» զորավարժության շրջանակներում բացված ռազմական վրանային ավանը, որում կենտրոնացված են տանկային, մոտոհրաձգային, հրետանային և այլ ստորաբաժանումներ

«Շանթ-2015» զորավարժության շրջանակներում բացված ռազմական վրանային ավանը, որում կենտրոնացված են տանկային, մոտոհրաձգային, հրետանային և այլ ստորաբաժանումներ

Սեպտեմբերի 4-6-ը անցկացված ռազմաքաղաքական փուլից հետո զորավարժության՝ զինված ուժերին վերաբերող բուն ռազմական վարժանքները դեռ շարունակվում են, դրանք կավարտվեն սեպտեմբերի 15-ին: Ռազմական վարժանքներին մասնակցելու են մասնավորապես ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում տեղակայված վրանային ավանում կենտրոնացած զորամասերը՝ տանկային, մոտոհրաձգային, հրետանային և այլ ստորաբաժանումներով:

Սեպտեմբերի 1-ին և 2-ին հակառակորդը Արցախի հայկական դիրքերին կրակել է թուրքական արտադրության TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգով:Միաժամանակ սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, ըստ որոնց՝ «հայ դիրքապահները կրակել են Ադրբեջանի Տերտերի շրջանում անցկացվող հարսանիքի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել»։ ՊԲ-ն հերքել է այս տեղեկությունը:

Սեպտեմբերի 1-ի երեկոյան հակառակորդը գնդակոծել է նաև Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ՀՀ ԶՈւ մարտական դիրքերը, ինչի հետևանքով վիրավորվել է ժամկետային 2 զինծառայող: Նրանց վիճակը կայուն է։

Ադրբեջանական գնդակոծության հետքերը Բաղանիսում

Ադրբեջանական գնդակոծության հետքերը Բաղանիսում

Սեպտեմբերի 2-ին հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը: Զինծառայողը զոհվել է պարանոցի հրազենային վնասվածքից: Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Սեպտեմբերի 2-ին ադրբեջանցիների կրակոցներից Տավուշում ևս երկու քաղաքացիական անձ վիրավորվել է։

Սեպտեմբերի 3-ին Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ թշնամու կրակոցների պատճառով վիրավորվել է հայկական կողմի քաղաքացիական 1 անձ և պայմանագրային 1 զինծառայող:

Սեպտեմբերի 4-ին Արցախում ադրբեջանական կողմի գործողության հետևանքով զոհվել է Պաշտպանության բանակի 2 պայմանագրային զինծառայող: ՊԲ ևս մեկ զինծառայող սեպտեմբերի 6-ին մահացել է արտակարգ պատահարից:

Սահմանային լարվածության վերաբերյալ ՊԲ-ն կոշտ հայտարարություն է արել սեպտեմբերի 6-ին: Հաղորդագրության մեջ ասված է, որ «Պաշտպանության բանակի ղեկավարությունը տեղեկացնում է ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այնպես էլ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ առաջնագծում հետագա սրացումների և դրանցից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

Սահմանային լարվածության օրերին՝ սեպտեմբերի 5-ին, Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ: Ազատամարտիկների ներկայությունը նոր լիցքեր է հաղորդել դիրքապահ զինծառայողներին:

Արցախցի ազատամարտիկները

Արցախցի ազատամարտիկները

Շաբաթվա վերջին կրակոցների քանակը համեմատաբար նվազել է ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշում: Այդ մասին նշել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Սահմանային լարվածության, ինչպես նաև «Շանթ-2015» զորավարժության մասին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 2-ին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Սեպտեմբերի 3-ին Կասպրշիկը հանդիպել է նաև Արցախի արտգործնախարարին և Պաշտպանության բանակի հրամանատարին:

Սեպտեմբերի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ, ինչից հետո՝ սեպտեմբերի 5-ին Կասպրշիկին ընդունել և սահմանային լարվածության մասին զրուցել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեպտեմբերի 8-ին Դավիթ Տոնոյանն ընդունել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությանը և պատվիրակներին տեղեկացրել է ինչպես Հայաստանում անցկացվող «Շանթ-2015» զորավարժության, այնպես էլ սահմանային լարվածության մասին։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ իր հերթին սեպտեմբերի 3-ին սահմանային լարվածության մասին զրուցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Էնտոնի Սեբոյի հետ:

Կառավարության պաշտոնյաների հանդիպումը սահմանամերձ գյուղերի գյուղացիների հետ

Կառավարության պաշտոնյաների հանդիպումը սահմանամերձ գյուղերի գյուղացիների հետ

Իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և մի խումբ այլ պաշտոնյաներ այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ծանոթացել սահմանային գոտում առկա իրավիճակին:

Սեպտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ականանետերի կիրառման պատճառով խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար թվիթերյան իր գրառման մեջ մեղադրել է և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերին, ինչն արժանացել է Թվիթերի որոշ հայ օգտատերերի վրդովմունքին. Ուորլիքին մեղադրել են կողմերի միջև հավասարության նշան դնելու համար՝ իրական ագրեսորին ճանաչելու համար հրավիրելով նրան սահմանամերձ գոտի։

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ ավտովթարի հետևանքով մահացել է երեք զինծառայող, ևս երկուսը ծանր վնասվածքներ է ստացել։ Ավելի ուշ՝ սեպտեբերի 11-ին, վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է հիվանդանոցում։

ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժության մասնակից ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին ԱՊՀ երկրներից մեկնել են Ռուսաստանի «Աշուլուկ» զորավարժարան, որտեղ սեպտեմբերի 7-10-ն անցկացվելու է զորավարժության ակտիվ փուլը: Զորավարժությանը մասնակցում է նաև ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության սահմանային պահպանության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոզիկը Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեևին:
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Սեպտեմբերի 2-ին նախարար Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր:
Սեպտեմբերի 1-ին 89 տարեկան հասակում մահացել է նշանավոր ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *