19:32 Դարձյալ հակասական տեղեկություններ են ստացվում Հալեպից, որը դարձել է ապստամբների հարձակումների նոր թիրախ: Գարդիանը նշում է, որ BBC-ի հաղորդած տեղեկությունը, թե կառավարական ուժերը ռազմական ինքնաթիռներ են օգտագործում, չի հաստատվում այլ աղբյուրներից: Սակայն տեղեկացնում է, որ սիրիական բանակն օգտագործում է հրանոթներ, տանկեր և ուղղաթիռներ: Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտարան (Syrian Observatory for Human Rights) կամակերպության ներկայացուցիչը հայտնում է, որ օրվա ընթացքում մարտեր են տեղի ունեցել Հալեպի Ֆիրդուս և Արկուբ թաղամասերի մերձակայքում:
Համաձայն ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալության, Սիրիայի ազատ բանակի հրամանատար Ռիադ ալ-Ասադը հայտնել է, որ ճգնաժամի քաղաքական կարգավորման ոչ մի հնարավորություն այլևս չկա: Նա նաև հավելել է, որ իրենք կռվելու են մինչը Ասադի իշխանության վերջնական տապալումը:
Սիրիայի ազատ բանակը ներկայացնում է ընդդիմության արմատական, ռազմական թևը և չի ընդունում որևէ փոխզիջում հակամարտության կարգավորման գործընթացում: Նրանք անընդունելի են համարում նաև Ասադի կամավոր հեռացումը. «Ասադը պետք է կանգնի դատարանի առաջ և պատասխան տա սիրիական ժողովրդի դեմ գործած հանցագործությունների համար»,- ասել է ապստամբների հրամանատարը:
Ի տարբերություն զինված թևի, Սիրիայի Ազգային խորհուրդն ընդունելի է համարել Արաբական Պետությունների Լիգայի առաջարկած` Ասադի կամավոր հեռանալու տարբերակը,- հաղորդում է ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը:
* * *
Հունաստանի ԱԳՆ-ն դադարեցրել է իր երկրի դեսպանատան գործունեությունը Սիրիայում: Որոշումը պայմանավորված է Սիրիայում իրադրության լարվածությամբ և կառավարական ուժերի և ապստամբների միջև բախումներով: Հունաստանն արդեն դիմել էր իր քաղաքացիներին` ժամանակավորապես զերծ մնալ Սիրիա այցելելուց:
19:06 Սիրիայի Ազգային խորհուրդը հերքել է այն տեղեկությունը, թե պատրաստ է ներկա իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ կոալիցիոն կառավարություն կազմել: Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների համակարգող Մունզեր Մախոսը Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է, որ «ոչ պարոն Սաբրին, ոչ տիկին Կոդմանին այդպիսի հայտարարություն չեն արել»:
* * *
ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը, հղում անելով Ֆրանս-Պրես-ի վրա, հայտնում է, որ Սիրիայի Ազգային անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել գեներալ Ալի Մամլուկը: Հիշեցնենք, որ նախկին ղեկավար Հիշամ Բահտիյարը ծանր վիրավորվել էր հուլիսի 18-ի Դամասկոսի ահաբեկչության ժամանակ և երկու օր անց մահացել հիվանդանոցում: Ռոյթըր գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվել է Դամասկոսի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը: Ըստ իրանական Ֆարս կայքի` նա Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է:
* * *
16:45 Սիրիայի Ազգային խորհրդի ներկայացուցիչ Ջորջ Սաբրան հայտնել է, որ ընդդիմությունը պատրաստ է քննարկել Բաշար Ասադի` իշխանությունը ռեժիմի մեկ այլ ներկայացուցչի հանձնելու տարբերակը: Նախկինում խնդրի լուծման այս ձևն անընդունելի էր ընդդիմության համար: Որոշ փորձագետներ այն բացատրել են Ազգային խորհրդի վրա Արևմուտքի ճնշումով, քանի որ ընդդիմությունը միավորված չէ և Ասադի հեռանալու դեպքում երկրում կարող է քաոսային իրավիճակ ստեղծվել:
* * *
Սիրիայի քիմիական զենքի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի ԱԳՆ-ն: Ըստ նոր հաղորդագրության, քիմիական զենքի շուրջ քննարկումների նպատակը «ռազմական միջամտության առիթ ստեղծելն է»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԳՆ մամուլի խոսնակի հուլիսի 23-ի հայտարարությունը դիտավորյալ խեղաթյուրվել է որոշ լրատվամիջոցների կողմից: Ջիհադ Մահդեսին հայտնել է, որ քիմիական զենք կարող է օգտագործվել միայն Սիրիայի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում:
Չնայած այս ամենին, մի շարք երկրների ղեկավարներ մտահոգություն են հայտնել քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ-Նովոստին: «Դա արվել է միջազգային հասարակական կարծիքը ռազմական միջամտությանը նախապատրաստելու նպատակով»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Քիմիական զենքի խնդրին է անդրադարձել նաև Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զաուբիn, նշելով, որ Սիրիայի քիմիական ու կենսաբանական զենքի շուրջ աղմուկի հեղինակներն են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նրա կարծիքով ամերիկյան դիվանագիտությունը փորձում է «ծանրակշիռ ապացույցներ ձեռք բերել» այն մասին, որ Սիրիան վտանգ է ներկայացնում աշխարհին:
* * *
ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որով խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Սիրիա այցելություններից: Այն պատճառաբանվում է «Սիրիայում ստեղծված լարված իրադրությամբ և շարունակվող բախումներով»: Նշենք, որ ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը օգոստոսի 6-ից ժամանակավորապես դադարեցնում է Մոսկվա-Դամասկոս-Մոսկվա չվերթները:
* * *
11:35 Արևմտյան աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 23-ին կառավարական զորքերի և ապստամբների միջև մարտեր են ընթացել Հալեպի որոշ թաղամասերում: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` Հալեպում կռվող ապստամբների հրամանատարներից Աբդել Ջաբար ալ-Օկեյդին հայտնել է, որ ապստամբները սկսել են «Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի ազատագրության» գործողությունը: Ըստ Սիրիայի ազատ բանակի մարտիկների հաղորդագրության, կառավարական զորքերն օգտագործում են տանկեր, թնդանոթներ և ուղղաթիռներ:
Սոցիալական ցանցերում հայերի և ռուսների գրառումները հաստատում են, որ անցած գիշեր Հալեպում տեղի են ունեցել պայթյուններ և բախումներ ապստամբների ու կառավարական ուժերի միջև: Չճշտված տեղեկություններով` ահաբեկչության փորձ անելու ժամանակ ձերբակալվել է մեկ անձ:
* * *
ԱՄՆ չի պատրաստվում ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում. հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հետամուտ են լինելու Բաշար Ասադի հեռացմանը, սակայն դրան հասնելու են միջազգային պատժամիջոցների և դիվանագիտական ճնշման միջոցով:
Իր հերթին պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ քանի որ Ռուսաստանը և Չինաստանը արգելք են դնում ՄԱԿ ԱԽ որոշումների վրա, ԱՄՆ-ն դիվանագիտական քայլեր է ձեռնարկելու այն երկրների հետ, ովքեր համակարծիք են իր հետ, մասնավորապես` «Սիրիայի բարեկամները» խմբի հետ:
* * *
Սիրիայի փախստականներին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը: Բարեգործական դրամահավաքի ժամանակ, որը սկսվել է երկուշաբթի օրը, նա նվիրաբերել է 5 մլն դոլար: ԶԼՄ-ները նշում են, որ Սաուդյան Արաբիան Սիրիայի ապստամբների զենքի գլխավոր մատակարարներից մեկն է: