ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին (այդ թվում և արցախյան շփման գծում) տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
Երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել իրավիճակի նման սրացումներից և մարդկային կորուստներից։ Նա նաև դրական է գնահատել նման իրավիճակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների հաճախակիացումը:
Անդրադարձ է եղել նաև սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին և դրանց նպատակին:
Նշենք, որ Անջեյ Կասպրշիկը Հայաստան է եկել ԵԱՀԿ դիտարկմանը մասնակցելու համար։ Մինչ այդ նա հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության փոխնախարարին, Արցախի արտգործնախարարին, ինչպես նաև ՊԲ հրամանատարին։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info