Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախպրես լրատվական գործակալությունը։
Ռազմինֆոյի հետ զրույցում Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ Արայիկ Հարությունյանն առաջիկա 2 օրերի ընթացքում լինելու է Տավուշում։
«Ռազմական տեսանկյունից դրա կարիքը բնականաբար չկա, բայց հոգեբանական աջակցությունն Արցախից կարևոր է։ Սա նաև համապատասխան ուղերձ է Ադրբեջանին»,— շեշտեց Արտակ Բեգլարյանը։
Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա մամուլի քարտուղարը նշեց, որ պատերազմ անցածների ներկայությունը զինծառայողների համար կարևոր կլինի։ Թե ինչքան կմնան վերջիններս, Բեգլարյանը դժվարացավ հայտնել, նշելով, որ ինչքան պետք լինի ու ինչքան լարվածությունը սահմանամերձ հատվածներում շարունակվի, այնքան ազատամարտիկները Տավուշում կլինեն։
Տեղեկացնենք, որ վերջին շրջանում հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզում ինչպես հայկական զինված ուժերի դիրքերը, այնպես էլ սահմանամերձ գյուղերը։ Սեպտեմբերի 1-ից մինչ օրս հայտարարվել է Տավուշում 1 պայմանագրային զինծառայողի մահվան, 3 զինծառայողի (2-ը ժամկետային, 1-ը պայմանագրային) և 5 քաղաքացիական անձանց վիրավորվելու մասին։
Pingback: Վարչապետ Արայիկ Հարությունյանը 100 ազատամարտիկի հետ մեկնել է Տավուշի առաջնագիծ
Pingback: Արցախցի ազատամարտիկներն այսօր լուսացրել են Տավուշի դիրքերում | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info