Քիմիական զենքի գործոնը սիրիական հակամարտությունում

Քիմիական զենքի առկայությունը սիրիական բանակում դարձել է միջազգային բուռն քննարկումների առարկա: Դեռ շաբաթներ առաջ իրանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, թե Սիրիայում եղած քիմիական զենքի պաշարները կարող են հայտնվել ապստամբների ձեռքում, և քանի որ նրանց շարքերը միասեռ չեն ու բաղկացած են տարբեր խմբավորումներից, ապա հնարավոր չի լինի վերահսկել մահասփյուռ այս զինատեսակի տարածումը կամ օգտագործումը: Այս տեղեկությունը, որ, ամենայն հավանականությամբ, իրանական տեղեկատվական հերթական հնարքն էր, տարածում չգտավ և կարծես թե մոռացության էր մատնվում, երբ հուլիսի 17-ին Բաղդադում Սիրիայի նախկին դեսպան Նավաֆ Ֆարեսը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ եթե իրավիճակը Ասադի համար դառնա ճակատագրական, ապա նա քիմիական զենք կօգտագործի: Սա դարձավ Սիրիայի քիմիական զենքի նոր շահարկումների սկիզբը:

Ամենայն հավանականությամբ թե ընդդիմադիրները, թե Արևմուտքը համոզված էին, որ Դամասկոսի ահաբեկչությունից հետո կկոտրվի իշխանության դիմադրողականությունը և որոշ ժամանակ անց Ասադը կամ կհեռանա, կամ պարտություն կկրի: Սակայն դա տեղի չունեցավ. կառավարական զորքերը կարողացան մի քանի օրվա ընթացքում ջախջախել Դամասկոսի տարբեր շրջաններում ու արվարձաններում ամրացած ապստամբներին և կարգուկանոն հաստատել մայրաքաղաքում:

Ապստամբների հարվածների թիրախ դարձան Հալեպի որոշ հատվածներ և սահմանային մի քանի անցակետեր: Այս դեպքերին զուգահեռ արևմտյան մամուլում կրկին լայնորեն շրջանառվեց քիմիական զենքի մտահոգությունը: Ի պատասխան` հուլիսի 23-ին Սիրիայի ԱԳՆ-ն տարածեց հաղորդագրություն, որտեղ ասվում էր, որ ապստամբների հետ պայքարում երբեք և ոչ մի պայմանով քիմիական զենք չի օգտագործվի: Մամուլի ասուլիսում ԱԳՆ մամուլի խոսնակ Ջիհադ Մաքդեսին էլ նշեց, որ քիմիական զենքը համապատասխան պայմաններում պահվում է և լիովին վերահսկվում է բանակի կողմից. այն կարող է օգտագործվել միայն արտաքին միջամտության դեպքում: Սիրիայի պաշտոնական օղակների այս հայտարարությունը, թերևս, մի քանի նպատակ էր հետապնդում: Դա, նախևառաջ, քիմիական զենքի անվերահսկելի տարածումը կանխելու նպատակով արտաքին միաջմտությունը չեզոքացնելու փորձ էր: Երկրորդ. այն նաև սպառնալիք էր` նույն այդ միջամտությունը իրականացնել ցանկացող պետությունների համար:
Տեղեկատվական պատերազմը, սակայն այլ ուղղությամբ սկսեց ընթանալ:

Արևմտյան լրատվամիջոցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրին այն հանգամանքի վրա, որ Սիրիան փաստորեն առաջին անգամ, պաշտոնապես ընդունեց իր զինապահեստներում քիմիական զենքի առկայությունը:
Տեղեկատվական դաշտը հեղեղվեց Սիրիայի քիմիական զենքի մասին հոդվածներով ու վերլուծություններով, որոնք արդեն այլ որակի մեկնաբանություններ էին պարունակում: Մասնավորապես, շրջանառվում էր Իրաքի տարբերակը, երբ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զանգվածային ոչնչացման զենքի որոնումների պատրվակով ներխուժեցին Իրաք:

Ուշագրավ եզրակացություններ արեց Իսրայելը` մտահոգություն հայտնելով, որ զանգվածային ոչնչացման զենքը կարող է հայտնվել «Հըզբոլլահի» ձեռքում: Արևմտյան քարոզչությանը հակառակ գործում էր ռուսականը` Ասադին ներկայացնելով որպես քիմիական զենքի անվտանգության միակ երաշխավորի: Ըստ այդ աղբյուրների` Սիրիայում անկայունության առաջին զոհը կարող է լինել Իսրայելը` ձեռք բերելով քիմիական զենքով զինված անհասկանալի ու անկանխատեսելի նոր հարևան:

Սիրիայի պաշտոնական հայտարարությանն ի պատասխան ԱՄՆ նախագահ Օբաման հուլիսի 23-ին ասաց, որ «հաշվի առնելով քիմիական զենքի առկայությունը սիրիական ռեժիմի ձեռքին, մենք ուզում ենք, որ Ասադն ու նրա շրջապատը իմանան. աշխարհը նայում է նրանց և եթե քիմիական զենք կիրառելով նրանք անեն այդ ողբերգական սխալը, ապա պատասխան են տալու միջազգային հանրության և Միացյալ Նահանգների առջև»:

Ակնհայտ է, որ ապստամբերի դեմ պայքարում կառավարական զորքերը քիմիական զենք կիրառելու կարիք չունեն. այս խնդիրն օգտագործվում է զուտ քարոզչական նպատակներով: Սակայն չի կարելի նաև բացառել, որ Սիրիայի քիմիական զենքի դեմ «պայքարը» դառնա հակասիրիական նոր պատժամիջոցների ու չի բացառվում, նաև որոշ երկրների ռազմական միջամտության առիթ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *