Հուլիսի 20-ից, հիմնականում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ամենօրյա բախումներ են լինում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը գրեթե շուրջօրյա ռեժիմով։
Դողան. Թուրքիայի արևելյան Շըրնաք նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի 3 զինյալ է ձերբակալվել: Անվտանգության ուժերի ձեռքն է անցել 4 հակատանկային ական, 1 որսորդական հրացան, «Կալաշնիկով» հրացանի 700 փամփուշտ, 5 նռնականետ:
CNN Turk. Թուրքիայի Թունջելի նահանգի Մազգիրթ շրջանում PKK-ի զինյալները կրակել են ժանդարմերիայի բաժանմունքի վրա:
Աքշամ. Թուրքիայի արևելյան Շընրնաք նահանգի Իդիլ շրջանում բախում է եղել թուրք ոստիակնների և PKK-ի զինյալների միջև:
Միլիեթ. Թուրքիայի արևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել PKK-ի զինյալների դեմ:
Դողան. Թուրքիայի Թունջելի նահանգում թուրքական ոստիկանության և PKK-ի զինյալների միջև բախման հետևանքով վիրավորված կինը մահացել է:
Դողան. Թուրքիայի արևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանի՝ դեպի Մալաբադի կամուրջ տանող ճանապարհի 15-րդ կմ-ի վրա պայթել է PKK-ի զինյալների տեղադրած ռումբը: Պայթյունի հետևանքով ճանապարհի մի մեծ հատված վնասվել է և կանգնեցվել է երթևեկությունը:
Թուրքիայի Շըրնաքի նահանգապետարան. հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում, PKK-ի զինյալներին ձերբակալելու, գավառում անվտանգությունը ապահովվելու համար սեպտեմբերի 4-ին` ժամը 20։00-ից սկսած, հայտարարվել է արտակարգ դրություն։
Վաթան. PKK զինյալները փակել են Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգից Շեմդինլի տանող ճանապարհն ու կրակել առանց ստուգման անցնել փորձած մեքենայի վրա։ Արդյունքում վիրավորվել է 2 ուղևոր, որոնցից 1-ը մահացել է հիվանդանոցում։
Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի քաղաքի Փեհլիվան թաղամասում նահանգային ոստիկանությունը PKK-ի դեմ ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է 3 հոգու։
Դողան. Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Դատվան գավառի Հիդայեթի շրջանում PKK-ի զինյալները նռնականետերով կրակել են զինվորական ստորաբաժանման վրա։ Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։ Կասկածյալներին հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են հատուկ գործողություններ, դեպքի վայր են ուղարկվել հատուկ նշանակության ոստիկանական խմբեր։
Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Յենիշեհիր գավառի Շեհիթլիք շրջանում՝ նահանգապետարանին կից երիտասարդական կենտրոնի առջև, PKK-ի զինյալները կրակել են ոստիկանության զրահամեքենայի և ջրցան մեքենաների վրա։ Պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։ Նրանց հայտնաբերելու համար ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ գործողություններ, դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են նռնականետներ և 1 միավոր Կալաշնիկովի ինքնաձիգ։ Կասկածյալներին հայտնաբերելու համար շարունակվում են օպերատիվ գործողությունները։
Իհլաս. Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի իշխանությունները հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում Փաթնոս գավառում ձերբակալվել են PKK-ի 5 անդամ՝ օգոստոսի 27-ին նահանգի Դեղիրմենդյուզու գյուղի շրջանում մեքենաներ այրելու մեղադրանքով։ Ձերբակալվածների տները խուզարկելու ժամանակ հայտնաբերվել և առգրավել են մի քանի զենք, քարտեզ և այլ պարագաներ։
Հիշեցնենք, որ PKK-ի անդամները օգոստոսի 27-ին Դեղիրմենդյուզու գյուղի շրջանում փակել էին Փաթնոս-Վան ավտոմայրուղին և այրել էին միջազգային բեռնափոխադրող ընկերության 4 մեքենա։
Դողան. Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառի Յենիշեհիր շրջանում ոստիկանները շինարարական մեքենաներով փորձել են փակել PKK երիտասարդական թևի (YDG) անդամների փորած խրամատները։ YDG-ի անդամները կրակել են ոստիկանների զրահապատ մեքենաների վրա։ Փոխհրաձգության ժամանակ սօանվել է PKK երիտթևի (YDG) անդամ 22 ամյա Լոքման Սյունեն։
Դողան. Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PKK-ի զինյալները հարձակվել են ոստիկանատան վրա։ Ոստիկանների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։ Կասկածյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։
Դողան. Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Քուրթալան գավառի Բեյքենթ շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են զորամասի վրա։ Զինծառայողների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։ Կասկածյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: