ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի կայքը։

Կորյուն Նահապետյանի հանդիպումը Հայասանում ԱՄՆ ռազմական կցորդ Էնտոնի Սեբոյի և ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Ռուբեն Հարությունյանի հետ
Կողմերը խոսել են մասնավորապես Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախի հետ շփման գծում և Տավուշի սահմանային շրջաններում տիրող լարվածությանը, ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հայկական բնակավայրերի գնդակոծման դեպքերին:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք առնչվում են միջազգային խաղաղապահ առաքելությանը ՀՀ մասնակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական կրթությանը և վարժանքներին, պաշտպանության ոլորտի խորհրդատվություններին, ԱՄՆ «Ջորջ Մարշալ» կենտրոնի հետ համագործակցությանը: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել համագործակցության մակարդակը և խոսել նշված ուղղությունների զարգացման հեռանկարների մասին:
Քննարկվել են խորհրդարանականների և խորհրդարանի աշխատակազմի՝ վերապատրաստման ծրագրերին մասնակցելուն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են խորհրդարանի դերի բարձրացմանը, գործիքակազմի կատարելագործմանն ու մասնագիտական կարողությունների բարելավմանը:
Կորյուն Նահապետյանը կարևորել է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության համատեքստում խորհրդարանների դերը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև կապերի ամրապնդման և փոխգործակցության տեսակյունից: Նա կարևորել է հայ խորհրդարանականների մասնակցությունը 2015թ. հուլիսին Գարմիշում տեղի ունեցած «21-րդ դարը և անդրազգային անվտանգության մարտահրավերները, խորհրդարանի դերը» թեմայով ծրագրին: Էնտոնի Սեբոն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում վստահության ամրապնդման միջոցների կարևորությանը:
Ամփոփելով հանդիպումը՝ Կորյուն Նահապետյանը վերահաստատել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ծրագրերի իրականացմանը խորհրդարանական ձևաչափով նպաստելու պատրաստակամությունը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info