Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 4

Հուլիսի 20-ից, հիմնականում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ամենօրյա բախումներ են լինում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը գրեթե շուրջօրյա ռեժիմով։


Զաման. Թուրքիայի Բաթմանի նահանգի Գերջյուշ շրջանում անվտանգության ուժերը բախվել են PKK-ի զինյալների հետ:

Դողան. Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Թուրքիայի սահմանների և ներքին անվտանգության հարցերին, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատժելու են «Քրդական աշխատավորական կուսակցությանը» (PKK) և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

Անադոլու. Թուրքիայի Էրզրում նահանգի Քարաչոբան շրջանում, անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում, PKK-ի 15 զինյալ է ձերբակալվել:

Անադոլուը. Թուրքիայի արևելյան Շըրնաք նահանգում PKK-ի զինյալները հարձակվել են երթուղային փոխադրամիջոցի վրա: Հարձակման արդյունքում զոհվել է մեկ և վիրավորվել է 2 քաղաքացի:

Դողան. Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում ոստիկանական բաժանմունքի վրա PKK-ի մարտիկների զինված հարձակման արդյունքում մեկ ոստիկան է սպանվել:


Բուգյուն. PKK զինյալներն այսօր առավոտյան հարձակվել են Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգի Շեհիթ Նահիթ Բուլութ ոստիականատան վրա։ Բախման ժամանակ սպանվել է 2 զինյալ, վիրավորվել են ոստիկաններ ու քաղաքացիներ։

Today’s Zaman. Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե գավառում PKK զինյալների տեղադրած հեռակառավարվող ականի պայթյունից վիրավորվել է զինծառայող, ում հոսպիտալացրել են։ Դեպքը պատահել է, երբ զինծառայողն Իրանի հետ սահմանամերձ հատվածում ական փնտրելիս է եղել։ Միջադեպի կազմակերպիչներին գտնելու համար ձեռնարկվել են գործողություններ։

Անադոլու. Թուրիքիայի հարավ-արևելյան Շըրնաք քաղաքի Օմեր Քաբաք հրապարակում երեկ՝ սեպտեմբերի 3-ին, PKK-ի զինյալները փակելով ճանապարհը, հարձակվել են հիվանդանոցից տուն գնացող Շըրնաքի ժանդարմերիայում ծառայող սերժանտի մեքենայի վրա։ Դեպքին միջամտել են քաղաքացիները և բախումներ են սկսվել։ Սերժանտը թեթև վիրավորվել է։ Դեպքից հետո PKK-ի զինյալները փախել են։

Միլլիյեթ. «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախագահ Սելահեդդին Դեմիրթաշի գլխավորությամբ  կուսակցության խմբակցության և Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստ է եղել, որի ժամանակ անդրադարձել են Թուրքիայում բախումներին։ Դրանց դադարեցման համար հնարավոր է, որ HDP-ի պատգամավորներից կազմված մի պատվիրակություն կապեր հաստատի PKK-ի հետ և կոչ անի զենքը վայր դնել։

Թուրքիայի խորհրդարանը սեպտեմբերի 3-ին հաստատել է երկրի ԶՈւ-ի՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ պայքարելու վերաբերյալ մանդատը 1 տարով երկարաձգելու որոշումը։ Մանրամասները՝ Ռազմինֆոյում։

Անադոլու. Թուրքիայի արևմտյան Աֆիոնգարահիսար նահանգի Դինար գավառում ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ոստիկանություն են տարվել PKK-ի երիտասարդական թևի (YDG) 3 անդամ։ Հարցաքննությունից հետո երկուսը բաց են թողնվել, մեկը ձերբակալվել է՝ Աղրը նահանգում շինարարական սարքավորումներ այրելու և քարոզչություն անելու մեղադրանքով։

Աղրը և Թոնդուրեք լեռների շրջանները անվտանգության գոտիներ են հայտարարվել։

Աղրը և Թոնդուրեք լեռների շրջանները անվտանգության գոտիներ են հայտարարվել։

Անադոլու. Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի իշխանությունները հայտնել են, որ PKK-ի դեմ ռազմական հատուկ գործողությունների իրականացնելու նպատակով Աղրը (Արարատ) և Թենդուրեք (Թոնդրակ) լեռների շրջանում ստեղծվել են 15 օրյա անվտանգության գոտիներ։ Այդ շրջաններում ավելի վաղ էլ հայտարարվել էին անվտանգության գոտիներ։


ԱՄՆ Պենտագոնի մամուլի ծառայություն․ ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով Թուրքիայի հարավային «Ինջիրլիք» ռազմաբազայում ծառայող իր օդաչուների և Ադանայի հյուպատոսարանի աշխատակիցների ընտանիքներին թույլատրել է կամավոր լքել երկրի հարավը: Պենտագոնի մամուլի խոսնակ Փեթեր Քուքը սեպտեմբերի 3-ին հայտնել է, որ որոշումը կայացվել է անվտագության նկատառումներից ելնելով ու հավելել, որ թեև ռազմաբազան անվտանգ է, բայց սպառնալիքի մեծացում հնարավոր է: Քուքը նաև նշել է, որ դեռ հայտնի չէ, թե քանի հոգի կորոշի լքել Թուրքիայի հարավը։ Նշենք, որ ԻՊ դեմ պայքարի համար օգոստոսի 9-ին ԱՄՆ օդուժի 6 միավոր կործանիչ, ինչպես նաև դրանց օդաչուներն ու տեխնիկական-սպասարկման անձնակազմը՝ մոտ 300 հոգի, տեղափոխվել է Թուրքիա։

Դողան․ Վանի Հաջիբեքիր Մալլահեսի թաղամասի ոստիկանության՝ ճանապարհով շարժվող մեքենայի վրա նետել են ինքնաշեն պայթուցիկ սարք՝ փորձելով պայթեցնել մեքենան։ Միջադեպի պատճառով սպանվածներ և վիրավորներ չկան։ Շրջանում հավելյալ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, հարձակման կազմակերպիչներին որոնում են։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 4

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *