Իրանը 2-րդ անգամ փորձարկեց «Խալիջ Ֆարս» հրթիռը

Իրանի հեռուստատեսությունը տարածել է Պարսից ծոցում իրանական հականավային բալիստիկ «Խալիջ Ֆարս» հրթիռի (ՀՆՀ) երկրորդ փորձարկման լուսանկարները։ Չնայած այն հանգամանքին, որ հրթիռը ԶՈւ-ում դեռեւս չի գործածվում, փորձագետների կարծիքով, Իրանը այդ կերպ ցանկանում է ցույց տալ, որ ունի անհրաժեշտ տեխնոլոգիաները՝ հրթիռի արտադրության համար,-հայտնում է Jane’s Defence Weekly շաբաթաթերթը։

Ըստ աղբյուրի` իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված լուսանկարներից պարզ է դառնում, որ «Խալիջ Ֆարս» հրթիռն ունի օպտիկա-էլեկտրոնային և ինֆրակարմիր ինքնաուղղորդման գլխիկ (ԻՈՒԳ)։

Առաջին անգամ հրթիռի լուսանկարները ցուցադրվել են 2011 թվականին։ Այդ ժամանակ հայտնի էր, որ «Խալիջ Ֆարս»-ը ստեղծվել է տակտիկական բալիստիկ «Ֆաթեհ-110» հրթիռի հիմքի վրա։ Ըստ պաշտոնական աղբյուրների` հրթիռի հեռահարությունը 300 կմ է և այն արտադրվում է մեծ քանակությամբ։

Իրանական կողմը, ցուցադրելով համապատասխան տեսանյութեր, հայտարարել է, թե հրթիռը հաջողությամբ ոչնչացրել է վերջրյա շարժվող թիրախը, սակայն հրթիռային զինատեսակների ոլորտի իսրայելական փորձագետները թերահավատորեն են վերաբերվում Իրանի նման հայտարարություններին։ Նրանց կարծիքով, «Խալիջ Ֆարս» հրթիռների հետագիծը թեև ավելի ցածր է, քան ԱՄՆ ՌԾՈւ նավերի SM-3 հակահրթիռների գործողության ծածկույթն է, բայց նավերի ինքնապաշտպանության «Ֆալանքս» համակարգերի գործողության ծածկույթից միևնույնն է ավելի վերև է և հետևաբար կարող է ոչնչացվել։

Որպես հրթիռի հիմնական թերությունը նշվում է նաև թիրախի կոորդինատների թարմացման անհրաժեշտությունը։ Հրթիռի թռիչքի տևողությունը կազմում է 4-5 րոպե, որի ընթացքում թիրախը մեծ հավանականությամբ կարող է դուրս գալ ԻՈՒԳ տեսադաշտից։ Ուստի` հրթիռը թռիչքի ընթացքում հետագծի շտկման կարիք կունենա։ Որպես շտկող համակարգ տեսականորեն կարող է օգտագործվել անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), ինչը պիտի ապահովվի ԱԹՍ-յի կամ ինքնաթիռի օգնությամբ, որոնք էլ սակայն կարող են ոչնչացվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *