Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ադրբեջանի և Թուրքիայի TurAz Qartalı – 2015 ՌՕՈւ համատեղ զորավարժության հերթական վարժանքների ժամանակ Եվլախում հատուկ ջոկատայինները «փրկել են» պայմանականորեն ավիավթարի ենթարկված Մի-17 և Cougar AS532 ուղղաթիռների օդաչուներին։
Այսօր պայմանական թշնամու դեմ մոտ և միջին հեռավորությամբ մարտ են վարել նաև TurAz Qartalı – 2015 մասնակից ՄիԳ-29 և F-16 կործանիչները, իսկ F-4E կործանիչ-ռմբակոծիչները և Սու- 25 գրոհիչները խոցել են ցամաքային թիրախներ։ Թուրքիայի զինծառայողները թռիչքներ են իրականացրել Ադրբեջանի, իսկ ադրբեջանցիները՝ Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռներով։
TurAz Qartalı – 2015-ին մասնակցում են Թուրքիայի Քոնյա և Էսքիշեհիր քաղաքների ավիաբազաների ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Ներկայում Եվլախում թռիչքներ են իրականացնում 6 միավոր F-16, 3 F-4E և 1 Cougar AS532։
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, հղում անելով զորավարժության մասնակից զինծառայողի, նշում է, որ սա թուրք-ադրբեջանական նմանատիպ երրորդ համատեղ զորավարժությունն է, ու ադրբեջանական կողմն առաջիկայում պատրաստվում է միանալ նաև Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի՝ Anadolu Kartalı («Անատոլիայի արծիվներ») միջազգային զորավարժությանը, որին մասնակցում է 15 պետություն։
Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գնդապետ Էլչին Ախունդովը հայտարարել է, որ TurAz Qartalı– 2015 շրջանականերում ներկայում թռիչքներ են իրականացվում Բաքվի,Քյուրդամիրի և Եվլախի օդանավակայաններում։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր TurAz Qartalı ” 2015-ի վարժանքներին ներկա են եղել նաև երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը։
Հիշեցնենք, որ TurAz Qartalı ” 2015-ը մեկնարկել է օգոստոսի 22-ին։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info