Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանում անցկացվելու է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Զորավարժությունների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ում մամուլի ասուլիս է տալիս ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ի երեկոյան, հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին: Տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը։

ՀՀ նախագահի ղեկավարությամբ անցկացված ՀՀ ազգային անվտանգության խորհրիդ նիստը՝ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում
Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին:
Նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից: Նշենք, որ «Շանթ-2015» զորավարժությունը ղեկավարում է հենց ՀՀ նախագահը։
Հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե Տավուշի մարզում սահմանային իրավիճակի պատճառով բնակիչներին տարհանում են, «Շանթ-2015» զորավարժությունների սցենարի մի մասն է։ Տավուշում ստեղծվել է ուսումնական կենտրոն, որտեղ մի քանի հարյուր մահճակալ է տեղադրվել, ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, ինչի նպատակն է պարզել, թե անհրաժեշտության դեպքում ինչպես է իրականացվելու բնակիչների տարհանումը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info