Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2015-ի հոկտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ համաձայն հրամանագրի 2015-ի հոկտեմբերի 1-ին մինչև հոկտեմբերի 30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվելու 1997-ին ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը` ներառյալ նաև զորակոչման օրը, ինչպես նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի զինված ուժերում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:
Նույն ժամկետում` 2015-ի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, պետք է պահեստազոր զորացրվեն պարտադիր զինծառայությամբ սահմանված ժամկետում ծառայած զինծառայողները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ժամկետային զինծառայության տևողությունը 18, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Երկրի նախագահի հրամանագրով իրականացվում է զորակոչ տարեկան չորս անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանում մեկնարկել է աշնանային զորակոչը | Ռազմ.info