Այսօր Աղդամի ազատագրման 19-րդ տարեդարձն է

Աղդամ քաղաքը Արցախյան պատերազմի հենց սկզբից վերածվեց ադրբեջանական խոշոր ռազմական հենակետի։ Դեռևս 1991թ. փետրվարի 23-ին առանց որևէ դիմադրության ադրբեջանցիները գրավեցին Աղդամում տեղակայված խորհրդային զինված ուժերի 4-րդ բանակի ռազմապահեստները։ Արդյունքում արդբեջանցիների ձեռքն անցան 728 վագոն հրետանային արկեր, 245 վագոն ռեակտիվ արկեր և 131 վագոն հրազենային զինամթերք։ Համեմատության համար նշենք, որ Հայկական ԽՍՀ տարածքում ընդհանուր առմամբ եղել էր ընդամենը 500 վագոն զինամթերք, որի միայն մի մասն էր անցել հայկական բանակին։

Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի, ինչպես նաև Աղդամին հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախի ինքնապաշտպանության ուժերի առջև խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմական հենակետերը, որտեղից թշնամին պարբերաբար 152մմ հեռահար հրանոթներով և «Գրադ» կայանքներով հրետակոծում էր հայկական բնակավայրերը։ Ավելին, քանի դեռ վերացված չէին Աղդամի հենակետերը, առկա էր Ասկերանի ուղղությամբ թշնամու հարձակման վտանգը, որի ժամանակ հաջողության հասնելու դեպքում ադրբեջանցիները կարող էին ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ։

Ամեն ինչից բացի, Աղդամը նաև կոմունիկացիոն կարևոր հանգույց էր։ Այսպիսով ադրբեջանական այդ հենակետի ոչնչացման խնդիրը օր օրի ավելի էր հասունանում և հայկական ուժերը Քարվաճառի ու Մարտակերտի ազատագրումից հետո, ձեռնամուխ եղան Աղդամի ազատագրմանը։

Աղդամի ազատագրումը համաբանակային գործողություն էր, որին մասնակցում էին Արցախի բոլոր պաշտպանական շրջանները։ Դեռ 1993-ի հունիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը։ Այնուհետև, հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը։

Նույն օրը, փորձելով կասեցնել Աղդամի շրջապատումը, թշնամին հզոր հարձակում ձեռնարկեց Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի ուղղություններով, սակայն արդյունքում կորցրեց Աղդամի համար բացառիկ կարևորություն ունեցող Շելլին իշխող բարձունքները։

Հակաօդային պաշտպանության հայ մարտիկների ջանքերով չեզոքացվեց նաև թշնամու ունեցած օդային գերազանցությունը։

Հետագա օրերին համառ մարտեր ծավալվեցին Աղդամը շրջապատող բարձունքների համար, որոնք հաջորդաբար անցան հայկական ուժերի վերահսկողության տակ, ինչից հետո Աղդամում գտնվող ադրբեջանական զորքերի գլխին կախվեց լիակատար շրջափակման մեջ հայտնվելու անմիջական վտանգը և ադրբեջանցիները լիակատար ջախջախումից խուսափելու համար ստիպված նահանջեցին։ Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։

Աղբյուրը՝ «Հայ Զինվոր»

2 responses to “Այսօր Աղդամի ազատագրման 19-րդ տարեդարձն է

Մեկնաբանել ArtashesՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *