Հուլիսի 20-ից Թուրքիայի հարավային, հարավարևելյան և արևելյան՝ հիմնականում քրդաբնակ շրջաններում հաճախակի բախումներ են լինում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի իշխանությունների միջև:
Իհլաս. PKK-ի զինյալները Թուրքիայի արևելյան Մուշ նահանգում Մուշ-Բուլանըք ճանապարհի վրա պայթեցրել են Բուլանըքի ժանդարմերիային պատկանող «Քիրփի» զրահամեքենա: Պայթյունի հետևանքով 6 զինվոր վիրավորվել է: Օրեր առաջ հենց այս մեքենայից գնելու մտադրության մասին էին հայտնում թուրքական իշխանությունները՝ այն պատճառաբանությամբ, որ մեքենան ավելի պաշտպանված է նման հարձակումներից։
Դողան. Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում PKK-ի երիտասարդական թևի (YDG) անդամները բեռնատար մեքենա են առգրավել և մեքենայով փակել են գավառ տանող ճանապարհներից մեկը: Այնուհետև սկսել են կրակել գավառ գնացող ոստիկանական խմբերի մեքենաների վրա: Ոստիկանություն պատասխան կրակել է նրանց վրա: Զոհեր և վիրավորներ չեն եղել: Հարձակումը կազմակերպած անձինք փախել են: Կասկածյալներին հայտնաբերելու նպատակով շրջանում ձեռնարկվել են հատուկ գործողություններ:
Դողան. Թուրքիայի Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանի` դեպի Հաքքարի տանող ճանապարհին հատուկ գործողության արդյունքում PКК-ի զինյալների տեղադրած ռումբ է վնասազերծվել:
Իհլաս. Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե շրջանում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի 4 զինյալ է «շարքից հանվել»:
Իհլաս. Թուրքիայի Օսմանիյե նահանգի Դյուզիչի շրջանում բեռնատար գնացք է պայթեցվել, ինչի արդյունքում վիրավորվել են գնացքավարները։
Միլիեթ. Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ձերբակալված անգլիացի լրագրողներն ազատ են արձակվել:
Իհլաս. Թուրքիայի Կարս նահանգի ղեկավարությունը նահանգի մի շարք շրջանների «անվտանգության գոտու» կարգավիճակը մինչև 2016 թ․-ի մարտի մեկը երկարաձգելու որոշում է կայացրել: Օգոստոս ամսվա ընթացքում «անվտանգության գոտու» կարգավիճակ են ստացել նաև Թուրքիայի մի շարք արևելյան շրջաններ՝ թուրք-քրդական լարված հարաբերությունների պատճառով:
Դողան. Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում խաղաղության միջազգային օրվան նվիրված ցույցի 6 մասնակից է ձերբակալվել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
Դողան. Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում՝ կայազորի հրամանատարության շենքից 250 մետր հեռավորության վրա PKK-ի զինյալների տեղադրած ռումբ է պայթել, ինչի արդյունքում 2 զրահապատ մեքենա է վնասվել, կոտրվել են նաև հարակից տների ապակիները:
Անադոլու. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն իր նստավայրում ընդունել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարին:
Անադոլու. PKK-ի մի խումբ աջակիցներ սեպտեմբերի լույս 3-ի գիշերը Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Հիզան գավառում բռնկվող նյութերով շշերով («Մոլոտովի կոկտեյլներ») հարձակվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուասկցության գավառային գրասենյակի վրա։ Զոհեր և վիրավորներ չկան։ Տուժել է միայն շենքը։ Հրշեջներին հաջողվել է կարճ ժամանակահատվածում հանգցնել հրդեհը։ Կուսակցության նահանգային ղեկավար Նեսրուլլահ Թանգլայը գործակալությանն ասել է, որ քրդերի գործողություններն ուղղված են իրենց՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ քարոզարշավին խոչընդոտելուն ու հավելել, որ դրանք ամեն կերպ վնասում են քուրդ ժողովրդի շահերին։
Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ)՝ սեպտեմբերի 2-ի նիստից հետո գրավոր հայտարարություն է եղել՝ ընդունված որոշումների մասին։ Մանրամասները՝ Ռազմինֆոյում։
Հյուրիյեթ. Թուրքիայում ձերբակալված բրիտանացի 2 լրագրողներին հարավարևելյան Դիրաբեքիրի նահանգից տեղափոխել են հարավ-կենտրոնական Ադանա նահանգի հատուկ ռեժիմի բանտ: Այժմ նրանք գտնվում են 500կմ հեռավորության վրա իրենց փաստաբանից:
Բրիտանացի լրագրողները ձերբակալվել էին անցած շաբաթ Դիրաբեքիրում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) աջակցելու մեղադրանքով:
Թուրքիայի Շրնաքի նահանգապետարան. Սեպտեմբերի 2-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում PKK-ի 8 անդամ է հանձնվել է ուժայիններին:
Միլլիյեթ՝ Rheinische Post. Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի շրջանում PKK-ի մոտ 80 համակիրները ցույց են կազմակերպել «Քրդստանի ինքնավարություն» և «Օջալանին ազատություն» պաստառներով: Երթի ժամանակ մի խումբ թուրքեր հարձակվել են նրանց վրա: Ոստիկանները փորձել են կանխել բախումները: Բախումների հետևանքով վիրավորվել է 1 ոստիկան:
Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառի Բահչեբաշը շրջանում PKK-ի զինյալները պայթեցրել են ոստիկանական մեքենա: Պայթյունի հետևանքով սպանվել է 4 ոստիկան, որոնցից մեկը եղել է ոստիկանապետը: Կասկածյալներին հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են հատուկ գործողություններ:
Իհլաս. PKK-ի զինյալները հարձակվել են Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Էրուհ գավառի ժանդարմերիայի վրա: Զոհեր և վիրավորներ չկան: Կասկածյալներին հայտնաբերելու նպատակով նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ:
Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Դիրաբեքիրի նահանգի Դիջլե գավառում PKK-ի մարտիկները միաժամանակ հարձակվել են Ուչյոլ շրջանի դատարանի, ոստիկանության վրա: Ոստիկանական ուժերը պատասխան կրակել են, ինչի հետևանքով PKK-ի մարտիկները փախել են: Կասկածյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ, նահանգ են ուղղարկվել զինվորներ և ոստիկանական ուժեր են:
Իհլաս. PKK-ի մարտիկները հարձակվել են Թուրքիայի հարավային Օսմանիյե նահանգի Չուքորովա գավառի Օսմանիյե քաղաքի Ֆաքըուշաղը թաղամասի ոստիկանության վրա: Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:
Նախորդ ամիս PKK-ի զինյալների հետ բախումների ժամանակ զոհված թուրք զինծառայող Ռեջեփ Բեյկուրի ազգական Քազիմ Իփեքին ձերբակալել են «նախագահին վիրավորելու» համար։
«Ես չգիտեմ էլ ինչ ասեմ։ Բեյկուրի մահից հետո նրանք ոչինչ չեն արել մեր համար և այժմ թույլ չեն տալիս սգալ»,- ասել է մահացածի զարմիկը՝ Օմար Բուլուրը։ Նա նշում է, որ Իփեքի դեմ հարուցված գործը անհիմն է. այդ մարդը ծանր է լսում, առաջացած տարիքի է, և ցուցմունք է տվել փաստաբանի։
Հետաքննություն է սկսվել նաև զարմիկի դեմ, ում մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, մարդկանց զինվորականների դեմ տրամադրելու համար։
Հաբերլեր. PKK զինյալները սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան նռնականետներով ու հրազենով հարձակվել են Էլազըղ կենտրոնական նահանգի Քովանջըլար գավառի ճանապարհային ոստիկանության գավառային կայանի վրա: Վիրավորվել է 3 ոստիկան: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը վիրավորներից 1-ին օգնություն է ցուցաբերել տեղում, իսկ մյուս երկուսին՝ հոսպիտալացրել են:
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: