Հայաստանը մասնակցում է ԱՊՀ միավորված ՀՕՊ համակարգի զորավարժությանը

ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը սեպտեմբերի 2-ից 10-ը կմասնակցի ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

«Մարտական ընկերակցություն-2015» կամ «Մարտական համագործակցություն-2015» զորավարժության նախնական փուլը սկսվել է դեռևս օգոստոսի կեսերին:

Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված է մասնակից պետությունների զինված ուժերի մոտ 20 զորամաս, որոնք մտնում են ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի մեջ: Զորամասերը բերվել են լրիվ մարտական պատրաստության աստիճանի: Զորավարժությունը բաղկացած է երեք փուլից:

Զորավարժությանը ներգրավված են Ս-300, Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, մարտական ավիացիա, այդ թվում՝ կործանիչներ, գրոհիչներ, հարվածային ուղղաթիռներ և այլ տեխնիկա:

Ավելացնենք, որ ԱՊՀ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի զորավարժություններ անցկացվել են նաև նախկինում: Մասնավորապես 2014 թվականին նույնպես Հայաստանը մասնակցել է զորավարժությանը, իսկ 2013թ-ին ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ են հետևել վարժանքներին։

Նշենք, որ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995 թվականին ԱՊՀ մի քանի պետությունների կնքած պայմանագրով: Նպատակը մասնակից երկրների օդային տարածքի կոլեկտիվ պաշտպանությունն ապահովելն է: Ներկայում համակարգի մաս են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը, որոնք միաժամանակ նաև ՀԱՊԿ անդամ 6 պետություններն են:

ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը բաղկացած է ավելի քան 80 բաղադրիչից, որի մեջ մտնում են 21 ինքնաթիռ, 41 միավոր զենիթահրթիռային համալիր, 21 միավոր ռադար և ռադիոէլեկտրոնային պայքարի 2 առանձին գումարտակ: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես ԱՊՀ անդամ պետություների միացյալ ՀՕՊ համակարգի կազմում է։

One response to “Հայաստանը մասնակցում է ԱՊՀ միավորված ՀՕՊ համակարգի զորավարժությանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *