15:47 Սիրիայի արտգործ նախարարության խոսնակ Ջիհադ Մակդիսին (Jihad Makdissi) պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երկրի քիմիական զենքն ապահոված է և այն չի օգտագործվելու Սիրիայի բնակչության դեմ:
Հայտարարության մեջ ասվում է. «Անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն Սիրիայում ճգնաժամի ժամանակ, քիմիական կամ կենսաբանական զենք երբեք չի օգտագործվելու, ես կրկնում եմ, երբեք չի օգտագործվելու: Այդ տեսակի ամբողջ զենքը գտնվում է պահեստում և հսկվում է Սիրիայի զինված ուժերի կողմից ու երբեք չի օգտագործվի, եթե Սիրիան չենթարկվի արտաքին ագրեսիայի»։
13:30 Կիրակի օրը` հուլիսի 22-ին Սիրիայի կառավարական զորքերը դուրս են մղել ապստամբներին Դամասկոսի Մեզեհ արվարձանից և ըստ ապստամբների հաղորդագրության, մահապատժի են ենթարկել 20 զինյալների: Ռազմական գործողություններն իրականացնում է Սիրիայի ԶՈՒ 4-րդ դիվիզիան` նախագահ Ասադի եղբոր հրամանատարությամբ:
Ինչպես հայտնում է Ռոյթըր գործակալությունը, կառավարական զորքերի ճնշման տակ ապստամբները հեռացել են նաև Դամասկոսի Բարզեհ արվարձանից:
Ապստամբներից ազատագրվել են նաև Իրաքի սահմանային երկու անցակետերը, իսկ Թուրքիային սահմանակից Բաբ ալ-Սալամ անցակետը դեռ ապստամբների ձեռքին է: Երկու օր առաջ թուրքական աղբյուրները նշել էին, որ ապստամբները հրդեհել են մեկ տասնյակից ավելի թուրքական բեռնատարներ, որոնք կանգ էին առել սիրիական սահմանին: Ըստ Ռոյթըրի` կառավարական ուժերը Հալեպում ևս հարվածներ են հասցնում ապստամբներին: Վերջին զարգացումների առնչությամբ ANNA-NEWS.info կայքի լրագրողը հայտնել է, որ նախօրեին ապստամբների լավ զինված խմբավորումները գրոհել են Հալեպի կառավարական հաստատությունները, սակայն ետ են շպրտվել` կրելով զգալի կորուստներ:
12:30 Եվրամիության 27 երկրների արգործնախարարները հավանություն են տվել Սիրիայի դեմ պատժամիջոցների թվով 17-րդ փաթեթին: Այն վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց մուտքը ԵՄ տարածք արգելվում է, և սառեցվում են նրանց բանկային հաշիվները: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտնել է նաև, որ նախարարները ընդունելու են Սիրիա ուղևորվող կասկածելի նավերը ստուգելու որոշում: «Ես հուսով եմ, որ սա կկանխի Ասադի ռեժիմի համար նախատեսվող զենքի ցանկացած մատակարարում»,- ասել է Էշթոնը:
Հիշեցնենք, որ պատժամիջոցների նախորդ փաթեթն ընդունվել էր հունիսի 25-ին, և ներկայում ԵՄ «սև ցուցակում» են Սիրիայի 129 քաղաքացիներ և 49 ընկերություններ: