Իրադրությունը Սիրիայում, 22 հուլիսի. թարմացվող լրահոս

20:34 Հուլիսի 22-ին Սիրիայի իշխանությունները սիրիական պետական արբանյակային հեռուստաալիքների վրա հարձակման փորձի համար մեղադրել են արևմտյան և արաբական որոշ պետությունների: «Տեղեկատվության նախարարությունը զգուշացնում է, որ արևմտյան հետախուզական ծառայությունները արաբական որոշ երկրների հետ համատեղ փորձում են զավթել սիրիական արբանյակային հեռուստաալիքների հաճախականությունները»,- ասվում է SANA գործակալության հաղորդագրության մեջ: Ըստ գործակալության, դրա նպատակը «պետական հեղաշրջման, բանակից դասալիքների և ապստամբների կողմից տարբեր քաղաքների գրավման մասին կեղծ տեղեկություններ հաղորդելն է»:

Սիրիայի հեռուստատեսությունը կոչ է անում ունկնդիրներին զգոն լինել և տարբերել կեղծ հաղորդումները իրականից: Սիրիական իշխանությունների մտահոգությունը հասկանալի է. պարբերաբար հաքերային հարձակումների են ենթարկվում SANA գործակալության և «Ալ-Վաթան» թերթի կայքերը: 2011թ. վերջին Եվրամիությունը պատժամիջոցների ցանկում ներառել է այս թերթը և «Ալ-Դունիա» հեռուստաալիքը:

* * *

17։53 ԲիԲիՍի-ն հայտնում է, որ վերջին օրերին մարտեր են տեղի ունեցել Հալեպում և շարունակվում են բախումները Դամասկոսում։ Մինչ այդ էլ ապստամբների «Թավհիդ Բատալիոն» (Tawhid Battalion) խումբը հայտարարել էր, որ «Հալեպի ազատագրման պատերազմը սկսվել է»:

Ռազմինֆոյի աղբյուրը Հալեպից հայտնեց, որ հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը՝ մինչև առավոտյան ժամը վեցը, քաղաքի մոտակայքում մարտեր են տեղի ունեցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *