Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը

Նախորդ շաբաթ ԱՄՆ օդուժի ինքնաթիռով Հայաստան են վերադարձել ՀՀ զինված ուժերի՝ Աֆղանստանում խաղաղապահ ծառայություն իրականացնող զինծառայողները, որոնք 7 ամսից ավելի իրականացրել են իրենց հատկացված տարածքների պաշտպանությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ օգոստոսի 29-ի թողարկումը։

ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնում են Գերմանիա՝ Աֆղանստանում նոր առաքելության պատրաստվելու համար

ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնում են Գերմանիա՝ Աֆղանստանում նոր առաքելության պատրաստվելու համար․ 2015թ․ հունվար

Հայկական ստորաբաժանումն իրեն լավ է դրսևորել Աֆղանստանում, ինչի մասին փաստում են ստորաբաժանման հրամանատարի բերած շնորհակալական նամակները օտարերկրյա հրամանատարությունից։ Խաղաղապահների մի մասն առաջին անգամ է մասնակցել ծրագրին։

Հայ խաղաղապահները մասնակցել են նաև Աֆղանստանի ռազմաբազայում անցկացվող մրցույթներին․ շախմատի մրցույթի հաղթող է ճանաչվել հենց ՀՀ ԶՈւ խաղաղապահներից մեկը։

Նշենք, որ մինչ բուն առաքելությանը մասնակցելը 2015-ի հունվարին ՀՀ ԶՈւ 65-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա, որտեղ մասնակցել է 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների:

Աֆղանստանում հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում պաշտպանում է երկրի հյուսիսային հատվածում տեղակայված Քունդուզ և Մազարի-Շարիֆ օդանավակայաններն ու դրանց կից ռազմաբազաները, ինչպես նաև մասնակցում է տեղացի զինծառայողների մարզման ծրագրին Տալոկան քաղաքում (OMLT group)։

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Ինչպես և ISAF («Անվտանգության աջակցության միջազգային ուժերի») ծրագրի ժամանակ, Resolute support («Վճռական աջակցություն») ծրագրի շրջանակներում նույնպես Աֆղանստանի ողջ տարածքը բաժանված է 4 հատվածների, որոնցից գերմանական զորախումբը, որի կազմում են ՀՀ ԶՈւ զինծառայողները, հսկում է հյուսիսայինը։

Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ․ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։

2015թ․ հունիսին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը վերահաստատել է մինչև առաքելության ավարտը 131 հոգանոց զորախմբի սահմաններում Աֆղանստանում ռազմակայանների անվտանգության ապահովում իրականացնող հայկական զորախմբի մասնակցության  վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Աֆղանստան՝ այնտեղ ծառայող ՀՀ ԶՈւ խաղաղապահների ծառայությանը ծանոթանալու նպատակով․ 2010թ․ հուլիսի 24

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Աֆղանստան՝ այնտեղ ծառայող ՀՀ ԶՈւ խաղաղապահների ծառայությանը ծանոթանալու նպատակով․ 2010թ․

Ավելացնենք, որ Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից Աֆղանստանում, 2014-ի նոյեմբերից՝ Լիբանանում:

2015թ. մայիսի դրությամբ ՀՀ ԶՈւ 130 զինծառայող կա Աֆղանստանում, 32 զինծառայող` Լիբանանում, 35՝ Իրաքում: Առաքելություններին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *