Օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հետևել են ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստության համար իրականացված ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Վերջին երեք ամիսներին ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ ՀՀ ԶՈւ ռազմական բուժակների դպրոցում: Դասընթացն իրականացվում էր հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում և նպատակ ուներ բարելավելու վիրավոր զինծառայողներին ցուցաբերվող առաջին բուժօգնությունը։
Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին և շնորհավորելով դասընթացն ավարտողներին, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ անցնող երեք ամիսներին օր ու գիշեր լինելով հայ զինծառայողների կողքին, ամերիկյան հրահանգիչների խումբը ստեղծել է գիտելիքների ու փորձի փոխանակման հիանալի հնարավորություն։ «Դասընթացը հաջողությամբ ավարտելով դուք դառնում եք հրահանգիչներ և ձեր փորձն ու գիտելիքներն եք փոխանցելու մեր ապագա բուժակներին և սանհրահանգիչներին` առաջին օղակում բուժապահովման կազմակերպողներին ու ցուցաբերողներին, որոնց արհեստավարժությունից և որակյալ գործունեությունից կախված են լինելու մեր զինծառայողներին բարձրակարգ, ժամանակին և ճիշտ բուժօգնության ցուցաբերումը», ” նշել է Սեյրան Օհանյանը՝ դիմելով դասընթացներն ավարտած զինծառայողներին։
Շնորհավորական խոսքով ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info