Թուրքիայի հարավ-արևելքում PKK-ի 20 մարտիկ է «շարքից հանվել»

Օգոստոսի 27-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքում «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) 20 զինյալ է «շարքից հանվել»։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի զինյալների դեմ իրականցված գործողության ընթացքում զինյալներն ու ոստիկանության զորքերը բախվել են։

Թուրքական լրատվական գործակալությունը նշում է, որ քրդերը «վնասազարծվել են»՝ չհստակեցնելով, թե դրա տակ ինչ պետք է հասկանալ՝ ձերբակալվել, վիրավորվել, թե սպանվել: Թուրքական աղբյուրը նշում է նաև, որ թուրքական ոստիկանությունը քրդերից առգրավել է «Կալաշնիկով» տեսակի 3 ավտոմատ, 4 պահունակ, 127 փամփուշտ, ՌՊԳ-7 երեք նռնականետ, ինչը 20 հոգանոց խմբի դեպքում կասկածելի է։

PKK-ի զինյալների դեմ գործողությունից հետո, Հաքքարիի նահանգապետը Յուքսեքովայում պարետային ժամը հանելու որոշում է կայացրել։


Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *