Ռուսաստանի Պսկով քաղաքում օգոստոսի 25-ին մեկնարկած «Փոխգործակցություն-2015» զորավարժության ընթացքում օգոստոսի 27-ին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը դեսանտավորման գործողություններ են իրականացրել՝ հակառակորդին հայտնաբերելու և ոչնչացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Գործողությունների ընթացքում հավաքական ուժերը փորձել են դարանակալել և հայտնաբերել հակառակորդի ապօրինի զինված խմբավորումներին, որոնք տեղափոխել են զինամթերք և թմրանյութեր:
Հակառակորդի կոորդինատներն ավելի հստակեցնելու, նրա հնարավոր գործողությունները բացահայտելու համար հավաքական ուժերը անօդաչու թռչող սարքերի միջոցով մանրամասն հետախուզել են տարածքը, ինչից հետո զորավարժության ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրել է հայտնաբերել ու ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն խմբերը:
Հրամանի համաձայն՝ զորավարժությանը մասնակից վեց երկրների զինծառայողները դեսանտավորվել են գործողությունների շրջան, որտեղ և գրավել ու ոչնչացրել են դիվերսանտների բազան, ազատել են գերիներին:
Զորավարժության սցենարով, ինչպես արդեն հայտնել ենք, թշնամական պետությունը փորձում է ապակայունացնել ՀԱՊԿ անդամ պայմանական պետության իրավիճակը՝ այնտեղ սեփական զորքեր մտցնելու և տարածքն իր վերահսկողության տակ առնելու նպատակով: Դրա համար հակառակորդը ապօրինի զինված կազմավորումներ է ուղարկում ՀԱՊԿ անդամ պետության տարածք, որպեսզի նրանք գրավեն պետական և ռազմական կարևոր օբյեկտները, ոչնչացնեն տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպեն ահաբեկչություններ, ինչն ընդհանուր առմամբ կապակայունացնի իրավիճակը և թշնամական պետությանը թույլ կտա սեփական զորքը մտցնել այդ տարածք և ստեղծել իրեն ենթակա պետական կազմավորում:
ՀԱՊԿ անդամ պետությունն այս իրավիճակից խուսափելու, սահմանադրական կարգն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար դիմում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին (ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների խորհրուրդը՝ ՀԱՊԿ ղեկավար մարմինը), որպեսզի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն (ՕԱՀՈւ) օգնության հասնեն:
ՀԱՊԿ հավաքական ուժերը պիտի որոնողական և դարանակալման գործողություններ իրականացնեն՝ թշնամական պետության ապօրինի զինված կազմավորումների հայտնաբերման և ոչնչացման համար: Բացի այդ, հավաքական ուժերը պիտի օգնեն ՀԱՊԿ անդամ պետության սահմանապահ ուժերին, ուժեղացնեն պետական և ռազմական օբյեկտների պահպանությունը, ապահովեն տեղական ինքնակառավարման մարմինների գործունակությունը, պայքարեն թմրադեղերի ապօրինի շրջձանառության դեմ, մարդասիրական օգնություն տրամադրեն բնակչությանն ու օգնեն աղետների հետևանքների վերացման գործում:
Հավաքական ուժերի կազմում ներգրավված են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 2000 զինծառայող:
Նշենք, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2014-ին զորավարժությունն անցկացվել է Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info