Այսօր՝ օգոստոսի 27-ին, Թուրքիայի հարավային Շըրնաք քաղաքի Սիլոփի թաղամասում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկները ոստիկանական զրահամեքենա են պայթեցրել, ինչի արդյունքում վիրավորվել է 4 ոստիկան։ Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը։
Վերջինիս փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զրահամեքենան բռնկվել է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերի և PKK-ի մարտիկների միջև բախում է եղել։ Թուրքական ոստիկանությանը չի հաջողվել վնասազերծել քուրդ զինյալներին. վերջիններս փախուստի են դիմել դեպքի վայրից։
Իսկ Ստամբուլի գլխավոր ավտոկայարանում այսօր զինված հարձակման հետևանքով առնվազն 3 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբեր 7» հեռուստաալիքի կայքը։ Թուրքական աղբյուները զինված հարձակման պատասխանատուների մասին դեռևս տեղեկություն չեն հաղորդում։
Նշենք, որ այսօր՝ օգոսոտոսի 27-ին, բախումներ են եղել նաև Բիթլիսում, Վանի Բաշքալե գավառում , Օսմանիյեում, Գազիանթեփում, Վանում, Իգդիրում և Թունջելիում, Շըրնաքում, ևս մեկական Բիթլիսում և Վանում:
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Pingback: Թուրք-քրդական ևս մեկ բախում Շըրնաքում. կա 3 զոհ և 7 վիրավոր | Ռազմ.info
Pingback: Դիարբեքիրում PKK անդամները սպանել են ևս 1 զինծառայողի, վիրավորել՝ 4-ին | Ռազմ.info