Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 3-ը Տաջիկստանում անցկացվելու է ՀԱՊԿ «Որոտ-2015» զորավարժությունը, որին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք ընդգրկված են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ անդամ վեց պետությունների, այդ թվում և Հայաստանի ստորաբաժանումները թմրանյութերի, զենքի և զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ գործողություններ են իրականացնելու: Այդ ընթացքում ստորաբաժանումները վարժվելու են որոնողական և դարանակալման գործողութունների իրականացման մեջ:
Երկու փուլով անցկացվելիք զորավարժությանը մասնակցելու են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Հայաստանի ստորաբաժանումները:
Ավելացնենք, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ևս մեկ զորավարժություն ներկայում ընթացքի մեջ է Ռուսաստանում: «Փոխգործակցություն-2015» զորավարժության մասնակիցները տեղայնացնելու են ՀԱՊԿ պայմանական անդամ պետության տարածքում ծագած հակամարտությունը և ոչնչացնելու են ապօրինի զինված խմբավորումներին:
Նշենք, որ բացի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերից, ՀԱՊԿ կազմում գործում են նաև հավաքական խաղաղապահ ուժերը, իսկ առաջիկայում նախատեսվում է ստեղծել նաև հավաքական ավիացիոն ուժեր: