Թուրք-քրդական ևս մի քանի բախումներ Թուրքիայի Իգդիր և Թունջելի նահանգներում

Այսօր՝ օգոստոսի 27-ին բախումներ են եղել նաև Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում։ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները Իգդիրում հարձակվել են ոստիկաններին տեղափոխող ավտոբուսի վրա։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը։

PKK-ի անդամները հարձակվել են Թունջելիի ժանդարմերիայի վրա

PKK-ի անդամները հարձակվել են Թունջելիի ժանդարմերիայի վրա

Ոստիկանները պատասխան կրակ են բացել, ինչի արդյունքում բախումներ են սկսել ոստիկանների և PKK-անդամների միջև։ Բախումների արդյունքում մեկ ոստիկան վիրավորվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հարձակումը գործած անձինք փախուստի են դիմել, նրանց հայտնաբերելու համար նահանգում կազմակերպվել են հատուկ գործողություններ։


Օգոստոսի լույս 27-ի գիշերը հարձակում է եղել նաև Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգի ժանդարմերիայի վրա։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։ Հարձակման համար կրկին մեղադրվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ PKK-ի անդամները ժանդարմերիայի վրա նախ հրթիռով են կրակել, այնուհետև հրազենով։ Դրան ի պատասխան՝ ժանդարմները սկսել են կրակել PKK-ի անդամների վրա, ինչի արդյունքում նրանք փախուստին են դիմել։ Ըստ Թունջելի նահանգային իշխանությունների հաղորդած տվյալների՝ բախումների արդյունքում զոհեր և վիրավորներ չեն եղել։


Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 27-ին, թուրք-քրդական բախումներ են եղել նաև Օսմանիյեում, Գազիանթեփում և Վանում:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: