Օգոստոսի 26-ին Թուրքիայի հարավային Հաթայի նահանգում տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է «Սիրիական Ազատ բանակ» ապստամբական կազմակերպության խմբավորումներից մեկի պարագլուխ Ջեմիլ Ռադունը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Հաթայի նահանգապետ Էրջան Թոպաջայի տված տեղեկությունների համաձայն՝ պայթյունից հետո սիրիացի հրամանատարին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։
Նույն աղբյուրի համաձայն Ջեմիլ Ռադունը եղել է Սիրիայի զինված ուժերի փոխգնդապետ, իսկ այնուհետ անցել է «Սիրիական Ազատ բանակի» շարքերը և տեղեփոխվել է Թուրքիա։
Նահանգապետը տեղեկացրել է նաև, որ սիրիացի ապստամբի նկատմամբ ևս մեկ անհաջող մահափորձ է կատարվել դեռևս 2015թ. մարտի 3-ին։ Այն ժամանակ հաջողվել է հայտնաբերել և վնասազերծել մեքենայի վրա տեղադրված պայթուցիկը։
Դեպքի մանրամասները ճշտելու համար հետաքննությունը շարունակվում է։