Մեկնարկել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը

Օգոստոսի 25-ին Ռուսաստանի Պսկով քաղաքում մեկնարկել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժության գործնական փուլը, որը կտևի 2 օր և որի ընթացքում զորավարժության ղեկավարման մարմինը կզբաղվի գործողությունների համակարգման աշխատանքներով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի վարժանքների ընթացքը

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի վարժանքների ընթացքը

Վարժանքի առաջին օրը՝ օգոստոսի 25-ին, հավաքական ուժերի հրամանատարությունն ու շտաբը ղեկավարման ավտոմատիզացված համակարգի օգնությամբ պլանավորել ու նախապատրաստել են զորավարժության սցենարով նախատեսված հակամարտության տեղայնացման գործողությունը, ինչի նպատակն է եղել ՀԱՊԿ անդամ պայմանական երկրի ինքնավարության և տարածքային ամբողջականության վերականգնումը:

Պայմանական հակամարտությանը միջամտելու գործողության նախապատրաստման ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շտաբը գնահատել է հակամարտության առաջացրած վտանգի աստիճանը, որպեսզի որոշում ընդունի՝ կիրառել հավաքական ուժերը, թե ոչ: Որոշման ընդունումից հետո էլ շտաբը նախապատրաստել է համապատասխան գործողության պլանը:

Զորավարժության մտահղացման համաձայն՝ թշնամական պետությունը փորձում է ապակայունացնել ՀԱՊԿ անդամ պայմանական պետության իրավիճակը՝ այնտեղ սեփական զորքեր մտցնելու և տարածքն իր վերահսկողության տակ առնելու նպատակով: Դրա համար հակառակորդը ապօրինի զինված կազմավորումներ է ուղարկում ՀԱՊԿ անդամ պետության տարածք, որպեսզի նրանք գրավեն պետական և ռազմական կարևոր օբյեկտները, ոչնչացնեն տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպեն ահաբեկչություններ, ինչն ընդհանուր առմամբ կապակայունացնի իրավիճակը և թշնամական պետությանը թույլ կտա սեփական զորքը մտցնել այդ տարածք և ստեղծել իրեն ենթակա պետական կազմավորում:

ՀԱՊԿ անդամ պետությունն այս իրավիճակից խուսափելու, սահմանադրական կարգն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար դիմում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին (ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների խորհրուրդը՝ ՀԱՊԿ ղեկավար մարմինը), որպեսզի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն (ՕԱՀՈւ) օգնության հասնեն:

ՀԱՊԿ ՕԱՀՈւ շտաբը

ՀԱՊԿ ՕԱՀՈւ շտաբը

Այս պայմաններում ՀԱՊԿ հավաքական ուժերը պիտի որոնողական և դարանակալման գործողություններ իրականացնեն՝ թշնամական պետության ապօրինի զինված կազմավորումների հայտնաբերման և ոչնչացման համար: Բացի այդ, հավաքական ուժերը պիտի օգնեն ՀԱՊԿ անդամ պետության սահմանապահ ուժերին, ուժեղացնեն պետական և ռազմական օբյեկտների պահպանությունը, ապահովեն տեղական ինքնակառավարման մարմինների գործունակությունը, պայքարեն թմրադեղերի ապօրինի շրջձանառության դեմ, մարդասիրական օգնություն տրամադրեն բնակչությանն ու օգնեն աղետների հետևանքների վերացման գործում:

Այսպիսով, զորավարժության առաջին փուլում ՀԱՊԿ ՕԱՀՈւ ղեկավարությունը պատրաստում է գործողությունների պլանը և նախապատրատում է ուժերը բուն գործողության համար: Միաժամանակ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը դուրս են բերվել գործողությունների շրջան, որտեղ պատրաստվում են ապօրինի զինված խմբավորումների ոչնչացմանը և վերևում թվարկված գործողությունների իրականացմանը: Հավաքական ուժերի տեղափոխման աշխատանքներում ներգրավված են եղել ՌԴ ԶՈւ սպառազինության ուղղաթիռներ, դեսանտի մարտական մեքենաներ և այլ տեխնիկա:

Ավելացնենք, որ Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը չեզոքացնելու են կազմակերպության պատասխանատվության գոտու՝ Արևելյան Եվրոպայի հատվածում առաջացած պայմանական զինված հակամարտությունը:

Առաջին փուլում մասնակիցներն անցկացնելու են հրամանատարաշտաբային մարզումներ, որոնց ընթացքում կազմելու են փոխգործակցության ծրագիրը: Երկորդ փուլում հավաքական ուժերը տեղայնացնելու են զինված հակամարտությունը և ոչնչացնելու են ապօրինի զինված խմբավորումներին:

Հավաքական ուժերի կազմում ներգրավված են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 2000 զինծառայող:

Նշենք, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2014-ին զորավարժությունն անցկացվել է Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2013» զորավարժության մասնակիցները

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2013» զորավարժության մասնակիցները

4 responses to “Մեկնարկել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը

  1. Pingback: Այսօր կմեկնարկի ՀԱՊԿ զորավարժության գործնական փուլը | Ռազմ.info

  2. Pingback: Զորավարժության ակտիվ փուլում ՀԱՊԿ ուժերը ոչնչացրել են հակառակորդի զինված խմբերը | Ռազմ.info

  3. Pingback: Ավարտվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը | Ռազմ.info

  4. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *