Իրանը սկսել է տեղական «օդ-օդ» տեսակի «Նասր» թևավոր հրթիռների սերիական արտադրությունը: Հրթիռների բազային տարբերակը հականավային էր, սակայն իրանցի մասնագետներին հաջողվել է դրանից ստանալ նաև օդային թիրախների համար նախատեսված տարբերակը:
Բացի ինքնաթիռներից, նոր հրթիռներով Իրանում նախատեսում են զինել նաև տեղական արտադրության հարվածային անօդաչու թռչող սաքրերը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին՝ հրթիռի ներկայացման արարողության ժամանակ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը:
Ապրիլին էլ Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել էր, որ իրենց ԱԹՍ-ները սպառազինելու են «օդ-մակերևույթ» դասի հրթիռներով, որոնց կոնկրետ տեսակը չի նշվել:
Նշենք, որ Իրանն արդեն ունի այնպիսի անօդաչու թռչող սարքեր, որոնք սպառազինված են հրթիռներով, ինչպես օրինակ Mohajer և Shahed-129 ԱԹՍ-ները: Իսկ փետրվարին անցկացված «Մեծ մարգարե 9» զորավարժության ժամանակ Իրանի զինված ուժերն օգտագործել են միանգամից երեք տեսակի անօդաչու թռչող սարքեր:
Ավելացնենք, որ «Նասր» հրթիռի հականավային տարբերակը Իրանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են նաև 2015-ի փետրվարին անցկացրած խոշոր զորավարժության ժամանակ: Մասնավորապես այդ հրթիռներով իրանցիները ոչնչացրել են ամերիկյան Nimitz դասի ավիակիր նավերի չափերով ու նմանությամբ կառուցված կեղծ ավիակիր-թիրախը: