ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր է արգելել Ռոսօբորոնէքսպորտի հետ գործարքների կնքումը

Ասսոշիեյթիդ պրես գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել օրինագիծը, որով Պենտագոնին արգելվում է որեւէ գործարք կնքել ռուսական Ռոսօբորոնէքսպորտ ընկերության հետ:
Օրինագիծը շրջանառության մեջ էր  դրվել այն բանից հետո, երբ Պենտագոնը հայտարարել էր Ռոսօբորոնէքսպորտից Աֆղանստանի համար լրացուցիչ տասը Մի-17 ուղղաթիռների գնման պայմանագրի մասին:
Օրինագծի հեղինակ դեմոկրատ-կոնգրեսմեն Ջիմ Մորանը ասել է, որ նման որոշումը պայմանավորված  է Ռուսաստանի կողմից Սիրիայի իշխանություններին զինամթերք տրամադրելու հանգամանքով:
Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա ՌԴ ՊՆ-ին կից Հանրային խորհրդի նախագահ Իգոր Կորոտչենկոն փաստի առնչությամբ հայտարարել է, որ ամերիկյան օրենսդիրները նման քայլով կվնասեն ոչ թե ռուսական Ռոսօբորոնէքսպորտին, այլ իրենք իրենց: «Նրանց համար գործնականում անհնար կլինի մեր ուղղաթիռներին իրապես  փոխարինող ուղղաթիռներ գտնել Աֆղանստանի համար: Ռուսաստանը, ելնելով իր ազգային շահերից,  մատակարարել է եւ շարունակելու է զինամթերք մատակարարել իր գործընկերներին եւ դաշնակիցներին»,-ընդգծել է փորձագետը:
Նշենք, որ Մի-17 ուղղաթիռների գնման վերաբերյալ համաձայնությունը դեռեւս 2011 թվականի մայիսին  ռուսական ընկերության եւ ամերիկյան կողմի միջեւ կնքված պայմանագրի շարունակությունն է: Գործարքը, որի արժեքը 171 380 636 դոլար  է, նախատեսված է իրականացնել մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք, որ 2008-2010 թվականներին եւս ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել ընկերության դեմ՝  մեղադրելով նրան Իրանին  զինամթերք տրամադրելու համար: Ռուսական կողմը, սակայն, հերքել էր այդ մեղադրանքները:
Իսկ 2012 թվականի ապրիլին ԱՄՆ ցամաքային զորքերը միջազգային կոալիցիոն ուժերի համար ոչ ստանդարտ զինամթերքի գնման մրցույթ էին հայտարարել. պարկուճներ, ձեռքի նռնակներ, Տ-55, Տ-62, Տ-64 եւ Տ-72 տանկերի համար նախատեսված արկեր…: Ռոսօբորոնէքսպորտ-ը ամենրիկյան կողմից առաջարկներ էր ստացել հանդես գալ   որպես ռուսական արտադրությամբ զինամթերքի  մատակարարման ենթակապալառու:
Մի-17-ը Մի-8-ի արդիականացված տարբերակն է: Այն կիրառվում է աշխարհի 80 երկրներում: Աֆղանստանում, որտեղ այդ ուղղաթիռներին լավ ծանոթ են, Մի-17-երի թիվը ներկայումս 39 է:

В конгрессе США хотят запретить Пентагону сделки с Рособоронэкспортом.
США невыгодно разрывать контракт с Рособоронэкспортом ” эксперты.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *