Օգոստոսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ օգոստոսի 29-ի թողարկումը։
Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ ներկայացուցիչները ՀՀ ՊՆ և ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզպետարան, որտեղ 3ԲԿ զորամասերից մեկի հրամանատարը դիտորդներին ներկայացրել է Տավուշի սահմանամերձ վայրերի իրավիճակը: Քննարկվել են ադրբեջանցիների՝ հայկական գյուղերն ու ճանապարհները գնդակոծելու դեպքերը, շփման գծում դիպուկահարների գործողությունները և այլն:
Այնուհետև դիտորդներն այցելել են դիրքեր, որտեղ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):
ԵԱՀԿ դիտորդների նախորդ դիտարկումը եղել էր օգոստոսի օգոստոսի 17-ին Գեղարքունիքի Վահան գյուղում, իսկ Ռազմինֆոյի հավաքած ինտերակտիվ ժամանակագրության մեջ ներկայացված են Հայաստան-Ադրբեջան սահմանում ԵԱՀԿ դիտորդների բոլոր դիտարկումները՝ սկսած 2014-ի դեկտեմբերից:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info