Թուրք-քրդական նոր բախումներ Թուրքիայի Հաքքարի, Դիարբեքիր և Շըրնաք նահանգներում

Օգոստոսի 24-ին Թուրքիայի արևելյան Հաքքարի նահանգի Շեմիդինլի գավառում ճանապարհին տեղակայված ռումբի պայթյունից սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 2 զինծառայող, ևս երեքը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

PKK զինյալներ

PKK զինյալներ

Վիրավորներին հոսպիտալացրել են։ Պայթյունի կազմակերպման համար կրկին մեղադրվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները։ Գործակալության փոխանցմամբ՝ կասկածյալներին գտնելու համար ձեռնարկվել է հատուկ գործողություն։

Թուրք-քրդական բախման ևս մեկ միջադեպ է եղել օգոստոսի 23-ին երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քուլփ գավառում։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի փոխանցմամբ՝ PKK զինյալները հարձակվել են գավառի հիդրոէլեկտրոկայանը հսկող անվտանգության ծառայողների վրա՝ սպանելով 1-ին ու վիրավորելով 3-ին։ Ի պատասխան՝ Թուրքիայի ուժայինները գավառում ձեռնարկել են օդային և ցամաքային գործողություններ։

PKK մարտիկները Թուրքիայի զինծառայողների վրա հարձակվել են նաև օգոստոսի 21-ին Շըրնաք նահանգի Բեյթուշշեբափ գավառում (Beytüşşebap)։

Այս հարձկաման հետևանքով սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 4-ը։ Վիրավորների մեջ է եղել նաև կապիտան Ալի Ալքանը, ում հոսպիտալացրել են։ Վերջինս 1 օր անց՝ օգոստոսի 22-ին, մահացել է։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Հավելենք, որ թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ հուլիսի 21-օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է PKK 771 զինյալ («Անադոլու»)  և 55 զինծառայող («Հյուրիյեթ դեյթի նյուզ»)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *