ՀԱՊԿ կազմում կարող են ստեղծվել հավաքական ավիացիոն ուժեր

ՀԱՊԿ զինված ուժերի ստորաբաժանումների և նյութատեխնիկական միջոցների տեղափոխումն ապահովելու համար ՀԱՊԿ-ում նախատեսում են ստեղծել հավաքական ավիացիոն ուժեր: Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ, գնդապետ Վալերի Սեմերիկովը:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգման վարժանքներին մասնակցող հայկական զորախումբը և ՀՀ ԶՈւ Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, որով Տաջիկստան է տեղափոխվել զորախմբի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգման վարժանքներին մասնակցող հայկական զորախումբը և ՀՀ ԶՈւ Իլ-76 բեռնատար ինքնաթիռը

Պաշտոնյայի խոսքով՝ ներկայում իրենք կազմում են այդ որոշման նախագիծը, որն էլ ներկայացնելու են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (անդամ պետությունների ղեկավարների խորհուրդը՝ ՀԱՊԿ ղեկավար մարմինը) հաստատմանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ ավիացիոն ուժերն անհրաժեշտ են կազմակերպության հավաքական ուժերը անհրաժեշտ վայրեր տեղափոխելու համար:

Ավելացնենք, որ ՀԱՊԿ կազմում ներկայում գործում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք առաջիկա օրերին Ռուսաստանում կանցկացնեն «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը, և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը, որոնք սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում կանցկացնեն «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին:

One response to “ՀԱՊԿ կազմում կարող են ստեղծվել հավաքական ավիացիոն ուժեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *