Ծաղկաձորում ընթացող «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքի մասնակիցներին օգոստոսի 22-ին այցելել է ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նախագահը դիտել է ռազմամարզական վարժանքները, ռազմական տեխնիկայի և Հայաստանում արտադրված ռազմատեխնիկական արտադրանքի ցուցադրությունը:
Մրցույթ-հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նախագահ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ միջոցառումն անցկացվում է հոբելյանական տարում՝ ի պատիվ Մեծ հաղթանակի 70-ամյակի:
«Այդ հաղթանակը շատ հարցերում հնարավոր է դարձել ի շնորհիվ ֆաշիզմի դեմ բազմաթիվ ժողովուրդների սերտ միասնության: Մենք ուղղակի պարտավոր ենք թանկ գնահատել այդ հաղթանակը: Մենք փառավոր ընդհանուր պատմություն ունենք, և բոլորս պետք է ոչ միայն պահպանենք, այլ նաև ամեն ինչ անենք շարունակելու համար այն ավանդույթները, որոնք եղել են և կան»:
Օգոստոսի 22-ի «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքի մրցութային ծրագրում ներառված է եղել միայն մեկ մրցաձև՝ «Ուժային փորձարկում»: Օրվա ընթացքում զուգահեռ կազմակերպվել են վարպետության ու վերապատրաստման դասընթացներ դիվանագիտության, հետախուզական վերլուծության, կրակային պատրաստության ու ինժեներական սարքավորումների, բուժօգնության առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացների նպատակն է համապատասխան գիտելիքների փոխանցումը հավաքի մասնակիցներին արտակարգ իրավիճակներում գործելու վերաբերյալ:
Օրն ամփոփվել է Ռուսաստանը ներկայացնող թիմերի համատեղ մշակութային ծրագրով:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info