Օրերս հայտարարվեց պաշտպանության նախարարին առընթեր նոր հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը սկսելու մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդի կազմում ընդգրկվել ցանկացող հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները կարող են մինչև ս.թ. օգոստոսի 15-ը դիմել պաշտպանության նախարարություն: Այդ և մի շարք այլ հարցերի շուրջ Ռազմ.ինֆո կայքի թղթակիցը զրուցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
— Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ գործունեություն է ծավալում հասարակական խորհուրդը և որքանո՞վ է կարևոր այն:
— Հասարակական խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով և նրա կազմում ընդգրկվում են հասարակական, քաղաքացիական նախաձեռնություններ: Խորհրդի ստեղծման նպատակն է մեր հասարակության հնարավորինս լայն շերտերին հնարավորություն ընձեռել մասնակցելու բանակի գործունեության և խնդիրների հասարակական լուսաբանմանը: Բանակը սոցիալական ընդգրկվածության առումով ամենամեծ կառույցն է և, բնականաբար, մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է: Իսկ խորհրդի առկայությունը ավելի է նպաստում հասարակությանը մտահոգող խնդիրների լուծմանը:
— Այս տարիներին ի՞նչ խնդիրներ է բարձրացրել հասարակական խորհուրդը:
— Հասարակական խորհուրդը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում զինծառայողների ծնողների հետ, քննում նրանց առաջարկներն ու բողոքները և ներկայացնում պաշտպանության նախարարին: Միաժամանակ այցելություններ են կազմակերպվում զորամասեր, իրականացնում է տարբեր միջոցառումներ, օգնություններ և այլն:
Խորհրդի գործունեությունը կարևորվում է հատկապես զորակոչի շրջանում, երբ քաղաքացիները իրենց դիմում-բողոքներն են ներկայացնում տարբեր խնդիրների վերաբերյալ: Դրանք բոլորը ուսումնասիրվում, համակարգվում և ներկայացվում են ՊՆ համապատասխան օղակներին` լուծումներ տալու նպատակով:
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ առաջին անգամ խորհրդի նախագահ նշանակվել էր մարդ, որը նախ, պաշտպանության համակարգում երկար տարիների աշխատանքային փորձ ունի, և երկրորդ` հանդես է եկել քաղաքական ընդդիմության դիրքերից: Մոտեցումը հետևյալն է, որ հասարակական խորհրդի կազմում աշխատեն մարդիկ, ովքեր շահագրգռված են մեր բանակը զարգացնել և կատարելագործել: Այսինքն բանակը այս հարցում լիովին բաց է հասարակության համար:
— Վերջին ամիսներին մամուլում հրապարակվել են նամակներ, որոնցում մեղադրանքներ են ներկայացվել խորհրդի գործող նախագահ Գեղամ Հարությունյանին: Այդ նամակների հեղինակները նաև կոչ էին արել բոյկոտել հասարակական խորհրդի ձևավորման աշխատանքները:
— Նամակների վերաբերյալ կարող եմ ասել, որ դրանք քաղաքական շահարկումներ են, ոչ առողջ մոտեցում: Ավելացնեմ միայն, որ այդ հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցված, ինչի մասին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը տեղեկացրել է հանրությանը: Ինչ վերաբերում է հասարակական խորհրդի ձևավորումը բոյկոտելուն, ապա կարծում եմ, որ դա առողջ մոտեցում չէ: Եթե կան հասարակական նախաձեռնություններ, որոնք ցանկանում են մասնակցել բանակային խնդիրների լուծմանը, ապա լավագույն ձևը աշխատանքներում ներգրավվելն է: Հավելեմ նաև, որ հասարակական խորհուրդը բանակ-հասարակություն կապի օղակներից միայն մեկն է: Պաշտպանության նախարարությունը լայնորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ, ունի հատուկ մշակված ծրագիր, իրականացվում են տարատեսակ միջոցառումներ: Դա իրականացվում է թե հասարակական խորհրդի հետ համատեղ, թե առանձին համապատասխան վարչությունների կողմից:
Pingback: Ստեղծվել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով | Ռազմ.info