Թուրքիայի հարավ-արևելքում թուրքական զինված ուժերի զրահամեքենայի պայթեցման և դրանով երթևեկող 8 զինծառայողների սպանության դեպքից հետո՝ օգոստոսի 20-ին, Թուրքիայի կառավարությունը և զինված ուժերը պայմանավորվել են արդիականացնել երկրի զրահամեքենաների պարկը: Այս մասին տեղեկացնում է «Հյուրիյեթ Դեյլի Նյուզ» լրատվակայքը:
Որոշումն ընդունվել է երկրի վարչապետի գլխավորությամբ երեկ անցկացված անվտանգության խորհրդակցության ժամանակ, որի ժամանակ հիմնականում քննարկվել են ռազմարդյունաբերությանը վերաբերող խնդիրներ:
Օգոստոսի 19-ի միջադեպի ժամանակ զինծառայողներն անցնելիս են եղել «Կոբրա» տեսակի զրահամեքենայով, որն ավելի անպաշտպան է ինքնաշեն պայթուցիկներ պայթեցման ժամանակ: (Նշենք, որ այս մեքենաներից առկա է նաև Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերում):
Դրա փոխարեն խորհրդակցության մասնակիցները որոշել են ավելացնել զինված ուժերում շահագործվող «Քիրփի» տեղական արտադրության զրահամեքենաների քանակը, քանի որ դրանք MRAP դասի են և հիմնականում նախատեսված են հենց ինքնաշեն պայթուցիկներից պաշտպանելու համար:
Քննարկվել է նաև ԱՄՆ-ից նման մեքենաներ գնելու հնարավորությունը, քանի որ Նահանգներն այս մեքենաների խոշոր պարկ ունի: (Միջանկյալ նշենք, որ Աֆղանստանից հիմնական զորքերը դուրս բերելուց հետո ԱՄՆ-ում MRAP մեքենաների ավելցուկ էր առաջացել, և Նահանգներն այդ մեքենաները «նվիրում էր» այլ երկրների, օրինակ՝ Հունաստանին և Խորվաթիային, որպեսզի խուսափեր դրանց պահպանման ծախսերից):
Հիշեցնենք, որ վերոնշյալ որոշման պատճառ դարձած միջադեպը եղել է օգոստոսի 19-ին Թուրքիայի հարավարևելյան Շիիրթ նահանգում: Մայրուղու վրա տեղադրված պայթուցիկի գործադրման արդյունքում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 8 զինծառայող։ Պայթուցիկը գործի է դրվել, երբ վերջիններս զինվորական մեքենայով անցնելիս են եղել ականապատ ճանապարհով։
Ավելացնենք, որ ներկայում Թուրքիայի զինված ուժերում շահագործվում է 700-ից ավելի «Կոբրա» և մոտ 500 «Քիրփի» զրահամեքենա (վերջինը՝ «Հյուրիյեթի» տվյալներով): Դրանցից ավելի պաշտպանվածը «Քիրփին» է, քանի որ ունի V-աձև հատակ, որը նախատեսված է պայթյունների դեպքում անձնակազմի շրջանում վնասվածքներից խուսափելու համար (անկյունաձև հատակը հարվածային ալիքը բաժանում է երկու մասի և «սահեցնում» դեպի մեքենայի կողքերը):
Հատկանշական է նաև, որ «Քիրփի» մեքենաներ արտադրող թուրքական BMC ընկերությունը ներկայում պատկանում է Թուրքիայի նախագահ Էրդողնաի մտերիմներից մեկին:
Pingback: Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 3 | Ռազմ.info