PKK-ն Թուրքիայում փորձել է կամուրջ պայթեցնել

Օգոստոսի 20-ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին քաղաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներն ինքնաշեն պայթուցիկով փորձել են պայթեցնել կամուրջ, ինչի արդյունքում վիրավորվել է երեք տեղացի: Այս մասին տեղեկացնում են թուրքական «Անադոլու» պետական գործակալությունը և Today’s Zaman լրատվակայքը:

Մարդին քաղաքի կամուրջը, որ փորձել են պայթեցնել PKK զինյալները

Մարդին քաղաքի կամուրջը, որ փորձել են պայթեցնել PKK զինյալները

Թեև թուրքական Daily Sabah լրատվակայքի տեղեկություններով՝ կամրջին խոշոր վնաս է հասցվել, վնասվել են նաև հարակից տները, սակայն Մարդինի պաշտոնական աղբյուրները հայտարարել են, որ պայթյունի արդյունքում կամրջին հասցված վնասը մեծ չէ: Տեղական անվտանգության ուժերը սկսել են պայթեցման մեջ մեղավոր անձնանց որոնումները:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *