Օգոստոսի 20-ին «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի՝ խառը սկզբունքով համալրված դասակները իրենց ուժերն են չափել «Ռազմականացված կրոսավազք 3կմ՝ դասակի կազմով» մրցաձևում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Մարզաբազայի անտառային գոտում բացազատված վրանային ճամբարում փորձառու մասնագետների օգնությամբ հավաքի մասնակիցները ծանոթացել են լեռնագնացության առանձնահատկություններին ու փորձել մեկ օր ապրել արտակարգ պայմաններում:
Մրցույթ հավաքի շրջանակում անցկացվում են վարպետության դասընթացները նաև մարզչական կազմի համար: ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև հավաքի մասնակից պետություններից ժամանած փորձառու մասնագետներն իրենց գործնական և տեսական գիտելիքներն ու հմտություններն են փոխանցում երիտասարդ մարզիչներին բարձրացնելով նրանց պատրաստվածության մակարդակը: Մարզիչների համար անցկացվող դասընթացները հիմնականում վերաբերում են տվյալ օրվա սպորտային մրցաձևերին և առաջին բուժօգնությանը:
Օգոստոսի 20-ին մասնակիցները ծանոթացել են քիմիական-կենսաբանական ճառագայթման ժամանակ պաշտպանության միջոցներին, անցել են ընդհանուր կրակային պատրաստության դասեր ինչպես կրակադաշտում՝ իրական զենքերով, այնպես էլ դասասենյակում՝ կրակային պատրաստության ուսումնական համալիրներով: Անցկացվել են նաև հետախուզության դասընթացներ, ինչպես նաև պատմությունից վիկտորինա:
Օրն ամփոփվել է Բելառուսի Հանրապետության և Մերձդնեստրի մշակութային ծրագրով: Հավաքի մասնակիցների համար կազմակերպվել էր նաև համերգ՝ հայ երգիչների մասնակցությամբ:
Ավելացնենք, որ ռազմամարզական հավաքին մասնակցում են նախկին ԽՍՀՄ-ի 14 երկրների ռազմական վարժարանների սաներ, ովքեր մրցելու են տարբեր ռազմամարզական մրցույթներում՝ խառը դասակներով: Այսինքն դասակները կազմված են լինելու ոչ թե ազգային թիմերից, այլ տարբեր երկրների սաներից:
Հավաքին մասնակցելու համար հայկական կողմը հրավիրել է նաև Ադրբեջանի ռազմական վարժարանների սաներին, սակայն ադրբեջանական կողմը հրավերին չի արձագանքել: