Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախագահ Սարգսյանին զեկուցել է Դուշանբեում (Տաջիկստան) աշնանը կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին, քննարկվել են Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության հետ կապված հարցեր։
Նախագահների խորհրդակցությունը Տաջիկստանում անցկացվելու է սեպտեմբերի 15-ին: Դրա նախապատրաստման աշխատանքներին հետևելու համար օգոստոսի 18-ին ՀԱՊԿ քարտուղարը մեկնել էր նաև Տաջիկստան:
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ վերջնականապես ամփոփվելու են ՀԱՊԿ հավաքական ուժերի նախորդ՝ մայիսին Տաջիկստանում անցկացված, զորավարժության արդյունքները, որին մասնակցում էին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը: Զորավարժությանը մասնակցում էր նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը:
Իսկ այս տարի Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը,ինչի շրջանակում էլ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, որին նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան էր եկել նաև հուլիսին: Հայաստանում անցկացվելիք զորավարժությանը դիտորդներ է ուղարկելու նաև ՄԱԿ-ը:
Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:
Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info