Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի տանկիստները Գյումրու «Ալագյազ» զորավարժարանում միմյանց դեմ մրցում են «Տանկային սպրինտ» մրցույթում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Մրցույթի ընթացքում տանկիստները մրցում են տանկերն արագ տեղից պոկելու, առավելագույն արագությամբ խոչընդոտները, այդ թվում՝ տանկային խրամ, զառիթափի վերելք, կամրջակ, էսկարպ, հաղթահարելու մեջ:
Բացի այդ, մրցույթի մյուս վարժաձևում տանկիստները կատարելու են տանկային թնդանոթի արագ լիցքավորում և 1,5-2 կմ հեռավորության վրա տեղադրված թիրախների խոցում: Ընդհանուր մրցույթի հաղթողը ստանալու է «Տանկային սպրինտի» գավաթը:
Պետք է նշել, որ ռուսաստանյան բանակում և մասնավորապես Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներում մարտական պատրաստության գործընթացն ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու նպատակով հաճախ են պարապմունքներն անցկացնում մրցույթների ձևաչափով:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ռազմաբազայում մրցույթ է անցկացվում դիպուկահարր զինծառայողների միջև, իսկ հենց տանկային ստորաբաժանումներում դեռևս նախորդ տարվանից անցկացվում են տանկային դուելներ, որոնց ժամանակ տանկերը թաքնվում են, փնտրում են իրար ու կրակում ուսումնական արկերով:
Այս տեսանկյունից առավել խոշոր մրցույթը հայտնի Տանկային բիաթլոնն է, որն արդեն 3-րդ տարին անցկացվում է միջազգային մակարդակով, իսկ այս տարի՝ 12 այլ մրցույթների հետ միասին: