Թուրքիայում PKK-ականների կազմակերպած պայթյունից մահացել է 8 ուժային

Օգոստոսի 19-ին Թուրքիայի հարավարևելյան Շիիրթ նահանգում՝ մայրուղու վրա տեղադրված պայթուցիկի գործադրման արդյունքում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 8 զինծառայող։ Պայթուցիկը գործի է դրվել, երբ վերջիններս զինվորական մեքենայով անցնելիս են եղել ականապատ ճանապարհով։
Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականի կայքը։

Քարտեզում Թուրքիայի Շիիրթ նահանգն է։

Սպանվածներից 2-ը բարձրաստիճան սպաներ են, իսկ 6-ը՝ շարքային զինծառայող։ Միջադեպից հետո թուրքական օդուժը տարածքում լայնամասշտաբ գործողություն է սկսել՝ պայթյունի կազմարեպիչներին հայտնաբերելու և ոչնչացնելու ուղղությամբ։ Այս պահին պայթյունի ամենահավանական կազմարեպիչները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներն են։

[Լրացում] Օգոստոսի 19-ին PKK անդամները թուրք ոստիկանների հետ բախվել են նաև հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Հանի և Լիջե գավառներում։ Արդյունքում սպանվել է 3 զինծառայող, ևս 1-ը վիրավորվել է։ Նույն նահանգի Բաղլար գավառում վիրավորվել է 1 ոստիկան, երբ PKK զինյալները հարձակվել են գավառի ոստիկանատան վրա։

Նշենք, որ վերջերս Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի մի քանի գավառներում քրդերն ինքնավարության պահանջ էին բարձրացրել։ Այսօր, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ նահանգում ինքնավարության պահանջների մեղադրանքով ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ 2 գավառապետ, ևս 4-ը փնտրվում են։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետությանը» (ԻՊ), իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները, որպես արդյունք մեծ թափ ստացան բախումները ուժայինների և PKK-ականների միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *