Ադրբեջանում ԶԼՄ-ներն այսուհետ առաջնագիծ կմեկնեն ազգային անվտանգության մարմինների թույլտվությամբ

Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Լրագրողների հավատարմագրման և առաջնագծում ծառայողական գործուղումների՝ ՊՆ-ի հետ  համաձայնեցման կանոնները», համաձայն որոնց՝ լրատվամիջոցի ներկայացրած հավատարմագրման հայտը պետք է արժանանա ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) հավանությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության նկարահանող խումբն առաջնագծում

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության նկարահանող խումբն առաջնագծում

Հրապարակման մեջ նշվում է, որ սահմանվել է նաև հավատարմագրման ենթակա լրագրողների առավելագույն քանակը՝ լրատվամիջոցների յուրաքանչյուր տեսակի համար։

Այսպես, հեռուստաընկերություններն առաջնագիծ գործուղման համար կկարողանան հավատարմագրել առավելագույնը 2 նկարահանող խումբ, ռադիոընկերությունները՝ 2 լրագրող, լրատվական գործակալությունները՝ 2-ական լրագրող և լուսանկարիչ, պարբերականները՝ 2-ական լրագրող և լուսանկարիչ, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներն ու լրատվական այլ միջոցները՝ միայն 1 լրագրող։ ԱԱՆ-ի հավանությունը ստացած լրագրողներին հավատարմագիրը տրվելու է 1 տարի ժամկետով։

Նշենք, որ սա փաստացի շարունակությունն է՝ բանակի վերաբերյալ տեղեկատվության տարածման սահմանափակման շղթայի, որի իրավական հիմքերը դրվեցին 2014-ի սեպտեմբերի 24-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով։ Համաձայն դրա՝ մի շարք գերատեսչություների, այդ թվում՝  կառավարությանն ու պաշտպանության նախարարությանը հանձնարարվեց մշակել նոր հայեցակարգ՝ լրատվամիջոցներում ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հրապարակումը կանխելու համար։

Հանձնարարականի արդյունքում հետագայում երկրում ավելի խորացավ գրաքննությունը՝ զինված ուժերի անցուդարձի լուսաբանման նկատմամբ։ Որպես դրա օրինակ՝ լրատվամիջոցներին արգելվեց հայտնել զինծառայողների շրջանում գրանցված մահվան դեպքերը, եթե տեղեկատվության սկզբնաղբյուրը պաշտպանության նախարարությունը չէ։ Սույն արգելքը խախտողների նկատմամբ կարող է կիրառվել պատիժ՝ ընդհուպ մինչև քրեական գործի հարուցում։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանում վերոնշյալ սահմանափակումների և գրաքննության սաստկացման պատճառ հանդիսացան 2014-ի օգոստոսի սկզբին առաջնագծում ծավալված իրադարձությունները, երբ հայկական կողմի հատուկ նշանակության ուժերի իրականացրած պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը հայտարարեց մի քանի օրվա ընթացքում կրած տասնյակից ավելի մարտական կորստի մասին։

Դրան հաջորդեցին ադրբեջանական լրատվամիջոցների ռեպորտաժները՝ սպանված զինծառայողների հուղարկավորության վայրերից, ինչը բավական ճնշող մթնոլորտ ստեղծեց ադրբեջանական հասարակության շրջանում։ Համացանցում հայտնվեցին նաև կադրեր, որոնցում պատկերված էին ադրբեջանցի վիրավոր զինծառայողների՝ ուղղաթիռներով տարհանման գործընթացը։ Օգոստոսյան սրացման ժամանակ լրատվամիջոցներից մեկը նկարահանել և հրապարակել էր նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ ուղղաթիռով ժամանումն առաջնագիծ։ Համացանցում հասանելի էին դարձել ադրբեջանական տանկային ստորաբաժանումների տեղաշարժը պատկերող լուսանկարներ և այլն։

Տեղեկատվական դաշտում վերոնշյալ բացթողումները ստիպեցին Ադրբեջանի ղեկավարությանը դիմել ավելի խիստ գրաքննության սահմանմանը, որի գործընթացի բաղկացուցիչներից մեկն էլ կառավարության այսօրվա որոշումն է՝ առաջնագիծ մեկնող լրագրողների հավատարմագրումը ԱԱՆ-ի թույլտվությամբ իրականացնելու վերաբերյալ։

2 responses to “Ադրբեջանում ԶԼՄ-ներն այսուհետ առաջնագիծ կմեկնեն ազգային անվտանգության մարմինների թույլտվությամբ

  1. Pingback: Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *